Եթե նախորդ օրերին երևանյան թանկացած տրանսպորտի վարորդները չվճարողներին հիմնականում չէին արձագանքում, այսօր արդեն ահազանգեր կան, թե քաղաքացիներին հորդորում են իջնել: Վարորդներն ասում են՝ չեն իջեցնում, բայց զգուշացնում են վճարել: Նման միջադեպերի մասին խոսում են գրեթե ամենուրեք՝ կանգառներից մինչև բուհեր:
«Վարորդը անպատվեց և ասաց՝ ես չեմ քշում, իջեք և գնացեք ոտքով», - պատմեց ուղևորներից մեկը:
Տրանսպորտի թանկացումից խիստ դժգոհ շատ երիտասարդների կարելի է հանդիպել համալսարաններում:
«Կապ չունի՝ թանկանում է 50 դրամ, թե կրկնակի, ամեն դեպքում հարված է բյուջեին», - ասաց ուսանողներից մեկը:
Ամեն օր դասի գնալ-գալու համար հիմնականում սահմանափակ բյուջե ունեցող ուսանողների միայն տրանսպորտային ծախսերը առվազն 100 դրամով ավելանում են: Շատերը հիմա ստիպված են կա՛մ ավելի շատ գումար նախատեսել, կա՛մ էլ որևէ այլ տեղից՝ օրինակ՝ ընդմիջման կամ սուրճի գումարից կտրել ու տրանսպորտին տալ:
Ուսանողներից մեկն, օրինակ, միայն տրանսպորտից օգտվելու համար այսօր 600 դրամ պետք է ծախսեր: Երիտասարդը փաթեթից ու ուսանողներին առաջարկվող 15 տոկոսանոց զեղչից օգտվել առայժմ չի պատրաստվում: «Ազատության» հետ զրուցած ուսանողները հաշվել էին՝ նույնիսկ զեղչված գնով փաթեթներն իրենց ձեռք չեն տալիս, օրերի բաժանելով դարձյալ թանկ է ստացվում. «Մեկ է՝ թանկ է գալիս, այդ նույն 100 դրամը չի պահպանվում, բարձր է գալիս, եթե բաժանում ես օրերի ու քո քանակի վրա, ինչքան ես դուրս գալիս, էլի ձեռք չի տալիս»:
Օրինակ՝ ամսական փաթեթը ուսանողները կարող են ձեռք բերել 7650 դրամով: Հատկապես չաշխատող ուսանողները տարակուսած են՝ ինչպե՞ս միանվագ այսքան գումար վճարեն:
Մեկ շաբաթ առաջ քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց՝ հունվարին ու փետրվարին ձեռք բերված անսահամանափակ փաթեթների ժամկետը մեկ ամսով կերկարաձգեն, այսինքն՝ այս պահին ամսական տարբերակը ձեռք բերելու դեպքում հնարավոր է երկու ամիս անսահամանափակ օգտվել տրանսպորտից, բայց սա միայն մինչ այս ամսվա վերջ գնված փաթեթներին է վերաբերում:
Մի խումբ երիտասարդներ երեկ մայր բուհի բակում էին ակցիա անում՝ հորդորելով չվճարել թանկացած տրանսպորտի համար: Բուհերում ու Երևանի այլ հատվածներում «Չենք վճարելու, դեմ ենք տրանսպորտի անհիմն թանկացմանը» գրությամբ պաստառներ են փակցված:
«Չեմ ընդունում այս թանկացումները», - ասաց ուսանողներից մյուսը:
100 դրամը դնում, անցնում ենք, հավելեց երիտասարդներից մյուսը. «Անիմաստ թանկացում է, եթե աշխատավարձերը չեն բարձրանում, բայց գները բարձրանում են, ապա ինձ թվում է՝ դա անիմաստ է»:
Թանկացումը գրեթե բոլոր ուսանողների քննարկման հիմնական թեման է:
Վճարեն, թե անվճար երթևեկեն, կողմ լինեն, թե դեմ, առավոտյան ու երեկոյան պիկ ժամերին երևանցիները մեկ այլ փորձություն պետք է հաղթահարեն՝ ինչպես գոնե մեկ ոտքի տեղ գտնել սեղմված ավտոբուսում: