Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված ու վարչապետի մասնակցությամբ անցկացված պատարագի ընթացքում միակ քաղաքացուն, ով փորձեց մյուսներից տարբերվող տեսակետ հայտնել, լռեցրին՝ բառի բուն իմաստով. քաղաքացու բերանը ձեռքով փակեցին ու Հովհաննավանքից ուժով հեռացրին, երբ փորձեց բացականչել՝ Ստեփան Ասատրյանը՝ նույն ինքը կարգալույծ հռչակված Տեր Արամը, «իրավունք չունի պատարագ մատուցելու»:
Այս միջադեպից քիչ անց նախկին քահանան եկեղեցու խորանից երախտիքի խոսքեր շռայլեց վարչապետ Փաշինյանին իր «բերանը բաց պահելու» համար. «Իմ շուրթերով ես չեմ խոսում, Աստված խոսում է մեր բերանով, երբ այդ բերանը փակում են, լռեցնում են նաև Աստծո խոսքը, իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովրդին, որովհետև ուզում է, որ իր ժողովուրդը Աստծո խոսքը լսի: Պարոն վարչապետ, Ձեր ներկայությունն այս բերանի բաց պահելն է»:
Կարգալույծ քահանայի շնորհակալական խոսքերից հետո ծափողջյուններ եղան:
Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. Պաշտպանության և Էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր Առողջապահության գերատեսչության ղեկավարը: Ընդհանուր առմամբ՝ Հովհաննավանքում իշխանական դեմքեր գրեթե բոլոր անկյուններում կարելի էր տեսնել՝ պատգամավորներ, մարզպետներ, ավագանու անդամներ, ցանկը կարելի է շարունակել:
«Հոգեկործան նախաձեռնություն». Մայր Աթոռի արձագանքը
Մայր Աթոռը մի քանի օր առաջ Տեր Արամին կարգալույծ հռչակեց ու արգելեց եկեղեցական ծեսեր կատարել, իսկ կիրակնօրյա պատարագի անցկացումը «հոգեկործան նախաձեռնություն» անվանեց՝ հայտարարելով, թե այն Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին պառակտելու փորձ է: Նախօրեին էլ Արագածոտնի թեմը հայտարարեց՝ մի շարք հոգևորականներ կիրակի առավոտյան Քննչական կոմիտե ներկայանալու ծանուցագրեր են ստացել որպես վկա հարցաքննվելու համար: Տեղեկացրին՝ գնալ չեն կարող ու ընդգծեցին, թե իրավապահները փորձում են Արագածոտնի մարզն առանց պատարագի թողնել:
Անցնող օրերին Հովհաննավանքում հոգևոր կյանքին ոչ հարիր կրքեր էին բորբոքվում: Տեր Արամը հրաժարվեց ընդունել Մայր Աթոռի որոշումը, իսկ այն օրը, երբ նրան հեռանալու պահանջով ծանուցագիր բերեցին, եկեղեցու բակում հրմշտոց սկսվեց, բանը նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքների հասավ՝ տեղում աշխատող լրագրողների հասցեին:
Ոստիկանների մշտական հսկողության ներքո կարգալույծ քահանան շարունակեց իր ծառայությունը: Իսկ արդեն այսօր ուժայինների թիվը Հովհաննավանքում շատ ավելի մեծ էր: Չնայած Փաշինյանի վստահեցումներին, թե կաթողիկոսին հեռացնելու արշավն ինքը ոչ թե որպես վարչապետ, այլ որպես հասարակ հայ քրիստոնյա է առաջնորդում, անվտանգային միջոցառումների շառավիղը մի քանի կիլոմետրի էր հասնում: Մայրուղու տարբեր հատվածներում պարեկային ծառայության բազմաթիվ մեքենաներ էին կանգնած, հիմնական ճանապարհից Հովհաննավանք տանող փողոցները փակ էին, եկեղեցուն հարակից տարածքում էլ ոստիկանությունն էր հերթապահում՝ անձամբ ոստիկանապետի հսկողությամբ:
Ու մինչ վարչապետ Փաշինյանը կարգալույծ հռչակված քահանայից շնորհակալական խոսքեր էր ստանում, մի խումբ քաղաքացիներ Մայր Աթոռի շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանին ու թեմի հոգևորականներից Հայր Շնորհք աբեղա Պալոյանին Հովհաննավանքին մոտենալ թույլ չէին տալիս. վերջինիս պարզապես խնդրում էր գնալ եկեղեցի աղոթելու համար. «Աղո՞թնքն էլ եք արգելում», - ասում էր հոգևորականը:
Վարչապետն ինչպես ծափողջյունների ներքո եկավ, այնպես էլ հեռացավ, նրան մոտենալու ու հարց տալու հնարավորություն չունեցանք. անվտանգության աշխատակիցները արգելափակել էին մեր ճանապարհը:
Մեկ այլ միջադեպ քիչ անց եկեղեցում գրանցվեց. մի քաղաքացի կարգալույծ քահանայի ձեռքից վերցրեց Ավետարանը ու պնդեց, թե նա իրավունք չունի այն ձեռքում պահել: Այս խոսքին հետևեց պատարագի մատուցմանը մասնակցած մի հոգևորական փողոցային բառերով համեմված արձագանքը. «Դավայ, դավայ, մարշդ քաշի ստեղից, դավայ հլը հելար, դավայ...»
Վաղ առավոտյան կարճ տեսանյութ հրապարակելով՝ Փաշինյանը հայտարարեց՝ Հովհաննավանքի պատարագը «Մայր Աթոռի ազատագրման գործընթացի գործնական փուլի մեկնարկն է խորհրդանշում: Մեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը՝ ներառյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանաները: Սիրում եմ բոլորիդ և աղոթում եմ բոլորիդ համար», - ասաց վարչապետը:
Թե կոնկրետ ինչ գործողություններ կհետևեն՝ վարչապետը չմանրամասնեց: Ամիսներ առաջ, երբ այս արշավը դեռ նոր էր թափ հավաքում Փաշինյանը Էջմիածնում սպասվող հոգևոր հավաքի մասին էր ազդարարել, որը մինչ այս պահը չի անցկացվել: Արդյոք առաջիկայում նման քայլի կգնան՝ տեղեկություն չկա: Պատարագից հետո Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ. «Սա ամենատիպիկ գործնական քայլն է, որ այս իրականության մեջ եկեղեցի են գալիս, պատարագի են գալիս տասը հազար և ավելի մարդ, իսկ կարող է մենք եկեղեցին սրբապիղծ մարդկանցից ազատենք և միշտ գան տասը հազար և ավելի մարդ և չգնան մի քանի տասնյակ մարդ», - ասաց նախարարը:
Մեր այն դիտարկմանը, որ հավաքվածների շարքերում քիչ չէին նաև ամենատարբեր օղակները ներկայացնող իշխանականները «Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահն այսպես արձագանքեց. «Մենք իրավունք չունե՞նք գնալու պատարագի, իրավունք չունե՞նք հաղորդություն ստանալ, էս բաժանումը ես չհասկացա»:
Հովհաննավանքի ներսում և հարակից տարածքում նաև ՔՊ-ական համայնքապետերի հանդիպեցինք: Թալինի քաղաքապետը պատարագից հետո սոցցանցում պարծենում էր՝ ներկայացել է համայնքի բնակիչների հետ:
Իսկ Մայր Աթոռում այսօր անցկացված պատարագից հետո՝ կաթողիկոսի թափորի շարքերում քայլում էր նաև կարգալույծ հռչակված Տեր Արամի հարազատ եղբայրը՝ Անուշավան սարկավագ Ասատրյանը: Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ հոգևորականների հետ զրույցներում նա եղբոր քայլերն անընդունելի է համարել: