Հովհաննավանքում այսօր պատարագ մատուցող կարգալույծ հռչակված քահանան «քարոզի» ընթացքում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Հարցն այստեղ ես չեմ, իմ անձը չի, իմ կերպարը չի: Իմ շուրթերով ես չեմ խոսում: Աստված խոսում է մեր բերանով, երբ այդ բերանը փակում են, լռեցնում են նաև Աստծո խոսքը, իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովրդին, որովհետև ուզում է, որ իր ժողովուրդը Աստծո խոսքը լսի: Պարոն վարչապետ, Ձեր ներկայությունն այս բերանի բաց պահելն է, որ Աստված շարունակի իր ժողովրդի հետ խոսել, որ այս ականջները Աստծո խոսք լսեն, ինչի համար իմ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ»:
Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը հրաժարվել է դուրս գալ Հովհաննավանքից՝ ասելով. «Կարգալույծ էղած կաթողիկոսը ինձ չի կարա կարգալույծ անի»:
Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը, հայտարարել էր, որ պատրաստվում է կիրակի մեծ պատարագի, չի ընդունում Կարգապահականի որոշումը, սատարում է Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը:
ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը։
Հոկտեմբերի 21-ին է Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը կարգալույծ է արել նրան։
Կարգալույծ հռչակված քահանան սեպտեմբերին հրապարակային քննադատել էր եկեղեցական բարքերը, դրանք անվանել զազրելի, խոսել հոգևոր վերնախավի ճնշումների ու Սուրբ Գրքի եկեղեցական կանոնների խախտումների մասին։ Մինչ այդ՝ ծառայության ողջ ընթացքում, Տեր Արամը այս մասին երբեք որևէ բառ չէր ասել և հոժարակամ ընդունել էր Կաթողիկոսի որոշումներն, այդ թվում՝ իրեն ձեռնադրելու մասին: