12:30
Հովհաննավանքում այսօր պատարագ (որը Մայր Աթոռի կողմից անօրինական է ճանաչված) մատուցող կարգալույծ հռչակված քահանան «քարոզի» ընթացքում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Հարցն այստեղ ես չեմ, իմ անձը չի, իմ կերպարը չի: Իմ շուրթերով ես չեմ խոսում: Աստված խոսում է մեր բերանով, երբ այդ բերանը փակում են, լռեցնում են նաև Աստծո խոսքը, իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովրդին, որովհետև ուզում է, որ իր ժողովուրդը Աստծո խոսքը լսի: Պարոն վարչապետ, Ձեր ներկայությունն այս բերանի բաց պահելն է, որ Աստված շարունակի իր ժողովրդի հետ խոսել, որ այս ականջները Աստծո խոսք լսեն, ինչի համար իմ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ»:
11:05
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցում է կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին: Այստեղ են գործադիրի ու օրենսդիրի ներկայացուցիչները, եկեղեցու մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են:
Պատարագի մեկնարկին քաղաքացիներից մեկը բղավեց. «Ստեփան Ասատրյանն իրավունք չունի այստեղ պատարագ մատուցելու»: Այս խոսքերից հետո՝ քաղաքացու բերանը փակելով նրան դուրս հանեցին եկեղեցուց: Ավելի ուշ եկեղեցուց հեռացված քաղաքացին «Ազատության» հետ զրույցում նշեց միայն. «իրեն դուրս են հանել եկեղեցուց ու բաց թողել», ասաց՝ ենթադրաբար իրավապահներն էին։
Այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել: Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը», - ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում նշում է վարչապետը:
Հովհաննավանք եկած ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Էմմա Պալյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Վեհարանը վերադարձնելու ենք վեհին: Այն մարդիկ ովքեր հոգևորականության հետ կապ չունեն, րոպե առաջ հեռանալու են եկեղեցուց՝ առանց քաղաքական մոտիվների: Վեհը առաջիկայում պարզ կլինի՝ ով է»: Պալյանն ասաց, որ որևէ թեկնածու չունեն այս պահին:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն էլ ասաց. «Ես գնալու եմ Հայ Առաքելական եկեղեցին ազատագրելու ճանապարհով և այսօր այստեղ եմ ոչ միայն կիրակնօրյա պատարագի համար, այլև ի աջակցություն Տեր Արամի»:
Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը հրաժարվել է դուրս գալ Հովհաննավանքից՝ ասելով. «Կարգալույծ էղած կաթողիկոսը ինձ չի կարա կարգալույծ անի»:
Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը, հայտարարել էր, որ պատրաստվում է կիրակի մեծ պատարագի, չի ընդունում Կարգապահականի որոշումը, սատարում է Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը:
ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը։
Հոկտեմբերի 21-ին է Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը կարգալույծ արել նրան։
Կարգալույծ հռչակված քահանան սեպտեմբերին հրապարակային քննադատել էր եկեղեցական բարքերը, դրանք անվանել զազրելի, խոսել հոգևոր վերնախավի ճնշումների ու Սուրբ Գրքի եկեղեցական կանոնների խախտումների մասին։ Մինչ այդ՝ ծառայության ողջ ընթացքում, Տեր Արամը այս մասին երբեք որևէ բառ չէր ասել և հոժարակամ ընդունել էր Կաթողիկոսի որոշումներն, այդ թվում՝ իրեն ձեռնադրելու մասին:
«Ազատության» ուղիղ հեռարձակումը Հովհաննավանքից.