Մատչելիության հղումներ

Նախկին քահանան պսակադրության ու մկրտության արարողություն կատարեց. Մայր Աթոռից դիմում են իրավապահներին


Արամ անունով տղամարդը, որ երեկ Հովհաննավանքում քաշքշում էր «Ազատության» օպերատորին, կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանայի մյուս աջակիցներն այսօր աղոթքի էին։ Նախկին քահանան նրանց ներս հրավիրեց՝ համերաշխության ու սիրո աղոթքի։

Ստեփան Ասատրյանը՝ նախկին քահանան, վանքից հեռանալ չի պատրաստվում, այսօր այստեղ երկու պսակադրության և մի մկրտության արարողություն կատարեց։

Հովհաննավանքում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Սարգիս քահանան մկրտության եկածներին բացատրեց, որ քահանան կարգալույծ է հռչակվել, սակայն նրանք հավաստիացում լսեցին նախկին քահանայից, որ մկրտության վկայական կտա։

Արարողության ավարտին «Ազատության» հարցին, թե որտեղից է վկայական տալու, Տեր Արամն ասաց՝ իրենք չեն էլ ուզել։

Թե մկրտության, թե երկու պսակադրությունների արարողությունները, որ կատարեց նախկին քահանան, հսկում էին նրա աջակիցները։ Նրանցից մի քանիսը նաև անարգել ելումուտ էին անում ավանդատան տարածք՝ ուղեկցելով նախկին քահանային։ Վանքի տարածքում նաև բազմաթիվ ոստիկաններ էին՝ ծառայողական կամ քաղաքացիական հագուստով։

Արարողությունների պահին տարածք եկավ Մայր Աթոռի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը Հովհաննավանքի սեփականության փաստաթղթերով։ Ստեփան Ասատրյանը կարող է զբոսնել այստեղ, բայց արարողությունների իրավունք չունի, շեշտեց փաստաբանը։

«Ներխուժում է համարվում եկեղեցու խորանում, ատյանում, ավանդատներում որևէ այլ անձի կողմից գտնվելը, ով Առաքելական սուրբ եկեղեցու կողմից ձեռնադրված հոգևորական չէ, այսինքն՝ Ստեփան Ասատրյանին չի արգելվում այս տարածքում զբոսնելը, նույնիսկ եկեղեցու մեջ մտնելը, սակայն միայն եկեղեցականների համար նախատեսված վայրերում արգելվում է մուտք գործելը», - ասաց փաստաբանը:

Ըստ Արա Զոհրաբյանի՝ Մայր Աթոռը ոստիկանություն դիմում է ուղարկել։ Կարգալույծ քահանայի չհեռանալը որակում են ներխուժում, իսկ կիրակի նրա պլանավորած պատարագը, որին վարչապետն էլ է մասնակցելու, ծեսի խոչընդոտում։

Ոստիկանների հետ բանակցությունը որևէ արդյունք չտվեց, կարգալույծ քահանան շարունակեց պսակել զույգերին։

«Արձանագրում ենք խախտման փաստը, ինչպես տեսնում ենք, այստեղ կան բազմաթիվ ոստիկաններ, նաև ծպտված ոստիկաններ, որ քաղաքացիական հագուստով են, նաև հանդես են գալիս իբրև հետաքրքրասեր քաղաքացի կամ համայնքի անդամ: Մեր խնդիրը կոնֆլիկտ հրահրելը չէ,, խաղաղ ճանապարհով սա լուծելն է», - նշեց Զոհրաբյանը:

Այսօր հայտարարություն է տարածել նաև Մայր Աթոռը։ Շեշտել են, որ նախկին հոգևորականը իր քայլերով խոչընդոտում է այստեղ ծառայող քահանաների աշխատանքը, պղծում սրբավայրը. «Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Ս. Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է՝ հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով»։

Էջմիածինը իրավապահներին հորդորում է «կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը։ Այստեղ ծառայող Տեր Սարգիս քահանան, որին երեկ շրջապատել էին կարգալույծ քահանան ու նրա աջակիցները, այսօր ասաց, որ իրեն հորդորում էին հոգևոր ծեսեր չանել։

«Ինձ հորդորեցին, ասացին, որ այլևս չեն ուզում իմ ծառայությունը տեսնել, ես էլ պատասխանել եմ, որ իմ ծառայությունն այստեղ նշանակված է թեմակալ առաջնորդի կողմից», - նշեց նա:

Երեկ, երբ Արագածոտնի թեմի հոգևորականները եկել էին կարգալույծ հոգևորականին ծանուցելու, որ հեռանա վանքից, հանձնի բանալիները, նախկին քահանան նրանց ճանապարհեց՝ «գնացեք ստեղից» բառերով, աջակիցները՝ «դավայ ստեղից» բառերով։ Այսօր էլ հերթական պսակադրությունից առաջ կարգալույծ քահանան հասկացրեց՝ Մայր Աթոռի ներկայացրած իրավական պահանջին նույնպես ենթարկվել չի պատրաստվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG