Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը հասկացրեց՝ մտադիր չէ հեռանալ


Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդը դիմում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած ուխտավորներին, 20-ը հոկտեմբերի, 2025թ.
Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդը դիմում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած ուխտավորներին, 20-ը հոկտեմբերի, 2025թ.

Ավելի քան չորս ամիս լռություն պահպանելուց հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը հարբուխային ձայնով հասկացրեց՝ մտադիր չէ հեռանալ:

«Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր՝ հավատավոր մեր ժողովրդով, և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը՝ հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը», - հայտարարեց Գարեգին Երկրորդը:

Երեկ երեկոյան «Մեր ձևով» շարժման մասնակիցներն ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Մայր Աթոռ: Մայր Տաճարում միասնական աղոթքից հետո Վեհափառն օրհնեց ուխտավորներին։ Ասաց՝ «մեր սրտերը ծանրացած են, քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվում են նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ»:

«Մեր սերը, մեր աղոթքները նրանց հետ են, և հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը», - ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Վարչապետը Վատիկան էր ուղևորվել

Կիրակի օրը, երբ ուխտավորները Մայր Աթոռ էին հասել՝ Վեհափառին ու եկեղեցուն աջակցություն հայտնելու, Հայաստանի վարչապետը դարձյալ հոգևոր օրակարգով, բայց Վատիկան էր ուղևորվել: Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Պապի հանդիսապետությամբ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց հոգու սրբադասման արարողությունն էր: Օսմանյան կայսրությունում ծնված հայր Իգնատիոսից թուրք զինվորները պահանջում են, որ իսլամ ընդունի, նա մերժում է ու գնդակահարվում՝ 1915-ին: Արքեպիսկոպոս Մալոյանին Վատիկանը դեռ 25 տարի առաջ էր երանելիների շարքը դասել:

Սրբադասման արարողությանը Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ հրավիրված էր, սակայն Վատիկանում նրա ներկայացուցիչը՝ Խաժակ արքեպիսկոպոսն է մասնակցել արարողությանը և դրան հետևած ճաշին, կադրերում տեսնում ենք նրա շփումը Հայաստանի վարչապետի հետ:

«Բնականաբար, երբ որ ներկա ես ու երբ որ կողջունեն, պիտի պատասխանես այդ ողջույնը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Արդյո՞ք արքեպիսկոպոսը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է եկեղեցի-պետություն գերլարված հարաբերությունների հարցը, իշխանական թիմի կտրուկ ու կոշտ պահանջները՝ ուղղված Գարեգին Երկրորդին, թե՝ «ազատիր Վեհարանը»:

«Ու անշուշտ, ասացի, թե ի՞նչ է, ի՞նչ պետք է լինի, բայց այսօր չեմ կրնար պաշտոնապես, որովհետև ոչ պաշտոնական բան էր այդ՝ անձնապես անձնական իմ բանը իրեն փոխանցեցի», - նշեց Խաժակ սրբազանը:

Խոսել է, բայց հանրայնացնել չի կարող: Խաժակ աքեպիսկոպոս Պարսամյանը դեռ տեսնում է երկխոսության, հաշտության հնարավորություն. - «Գիտեմ, որ շատ պրկված վիճակ է, բայց պետք չէ, ինչպես կըսեն, ձեռքերը լվալ, պետք է ամեն ձևով փորձել հարցերը լուծելու»:

Նրա ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ Հռոմի Պապը ողջույնի խոսքում արարողությանը մասնակցող երկրների ղեկավարներին հիշատակեց, իսկ Հայաստանի վարչապետին՝ ոչ, միայն նշեց՝ Հայաստանի ու Վենեսուելայի պատվիրակություններ. - «Իտալիո նախագահին, Լիբանանի նախագահին բարի գալուստ մաղթեց, բայց վարչապետին մասին բան մը չըսավ»:

Արքեպիսկոպոսը չի շտապի եզրակացնել, թե Պապը այսպիսով իր վերաբերմունքն է արտահայտում Կաթողիկոսին գահից իջեցնելու գործն սկսած Նիկոլ Փաշինյանի հանդեպ. - «Դժվար է ըսել, բայց երբ որ մյուսներուն անունը կուտա, վարչապետի անունը չի տար ... Վատիկանը այնքան նուրբ քաղաքականություն ունի, որ ... »:

Նուրբ քաղաքականության շրջանակներում Հռոմի Լևոն 14-րդ Պապը հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ: Ըստ Կառավարության լրատվականի՝ հայ - ադրբեջանական խաղաղության, նաև հումանիտար հարցեր են քննարկվել : Շուրջ մեկ ամիս առաջ Պապի հյուրն էր Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Արցախի հուշարձանների մասին պատմող ալբոմով:

«Եկեղեցին նմանատիպ բաներից չի վախենում»

Հայաստանում ուրբաթ օրվանից եռում է հարցը՝ երեք սրբազանների կալանքից ու տասնյակ քահանաների բերման ենթարկելուց հետո, հերթը Կաթողիկոսի՞նն է: Վեհափառն առայժմ քրեական որևէ գործում ներգրավված չէ:

Արագածոտնի թեմի առաջնորդի ու դիվանապետի կալանավորումից հետո իշխանական լրատվամիջոցում մի ձայնագրության տեղադրվեց, որում հնչում է Վեհափառի անունը, նախկին հոգևորականը ձայնագրությունում պնդում է՝ Գարեգին Երկրորդն իրեն պարտադրել է մասնակցել ընդդիմության ցույցերին: Քննչական կոմիտեից «Ազատություն»-ը տեղեկացավ՝ վարույթ նախաձեռնվել է դեպքի առթիվ, հետապնդվողներ դեռ չկան:

«Ինչո՞ւ էին առավոտ շուտ ժամը 7-ին ներխուժում մեր բնակարան, էսի նորմալ չի: Հերիք չի ներխուժել են, հլը շանն էլ քաշքշում էին՝ շունը դե իրա տարածքը պաշտպանում ա, այսինքն՝ դուրս էինք եկել, որ մեր շանն իրենցից փրկեինք, էլի», - Արագածոտնի թեմից Տեր Վրթանես քահանա Բադալյանը մինչև այժմ տարակուսած, զայրացած է. վաղ առավոտյան ներխուժել, խուզարկել, բերման ենթարկել, ինչո՞ւ, եթե կարող էին թեմ ծանուցում ուղարկել, ու իրենք բոլորով կգնային Քննչական կոմիտե: Նրա ընտանիքն այդ քննչական գործողությունից հետո ուղղակի պարալիզացված է. - «Ոչ միայն իմ հեռախոսն են առգրավել, այլ նաև կնոջս և չորս երեխաներիս հեռախոսներն են առգրավել և տանը եղած համակարգիչների հիշողություններն են բռնագրավել, և, ասենք, ընտանիքս հայտնվել է շատ անհարմար վիճակում՝ երեխաներս ուսանող են, կինս դպրոցում դասավանդում է»:

Խուզարկության ողջ ընթացքում, ասում է, գիշերազգեստով է եղել: Ենթադրում է՝ իրավապահները զենք են փնտրել 44-օրյային մասնակցած քահանայի տանը:

«Քննիչներից մեկը բա՝ «օրինական է՞լ զենք չունես», դրանից հասկացա, որ զենք են փնտրում», - նշեց Վրթանես քահանան:

Տեր Վրթանեսը զրպարտություն է որակում Հովհաննավանքի քահանա Տեր Արամի պնդումը, թե թեմի առաջնորդից հրահանգ են ստացել մասնակցել ընդդիմության ցույցերին, քրեական գործ հենց այդ պնդման հիման վրա էր հարուցվել: Քահանան այժմ վկայի կարգավիճակ ունի այդ գործով: Ասաց՝ եթե իրավապահները Վեհափառին էլ հասնեն՝ պատրաստ են. - «Մենք Աստծո օգնությամբ ցանկացած գործընթաց հաղթահարելու պատրաստ ենք: Աստված է Վեհափառի, եկեղեցական դասի և մեր բարեպաշտ ժողովրդի օգնականը: Եկեղեցին նմանատիպ բաներից չի վախենում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG