Մատչելիության հղումներ

Իշխանություն-Մայր Աթոռ հակամարտությունը հասավ անձնական տարածք


Իշխանության ու Մայր Աթոռի վերնախավի միջև հակամարտությունը հասավ անկողին ու լողարան. գիշերը մի նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել են խիստ անձնական բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ՝ թե այդտեղ Մայր Աթոռի դիվանապետն է:

«Յուրաքանչյուրի տուն են մտել, հասկանու՞մ եք, անկողին են մտել։ Սա ամենաստոր քայլն է, և բավական չի իրանց, որ իրանք մտել են ինչ-որ մեկի տուն, իրանք նաև շարունակականություն են ապահովում, իրանք տարածում են այդ տեղեկատվությունը։ Այս մարդկանց՝ տարածողներին, ջատագովներին, չկասեցնողներին, դատախազությանը չդիմողներին, ջատագով չդիմողներին, բոլորին, ովքեր չեն դատապարտի այս պրոցեսը, իրենք իսկապես լրջագույն խնդիր ունեն թե՛ բարոյականության հետ, թե՛ օրենքների հետ», - ասաց իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը:

«Առերևույթ հանցագործություն է, սրբազանի անձնական կյանքի գաղտնիության կոպիտ խախտում». կեսօրից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության վերաբերյալ հաղորդում ուղարկեց դատախազություն: Հայտնի չէ՝ ինտիմ տեսանյութի տարածումից ավելի քան կես օր անց իրավապահները վարույթ նախաձեռնել են, թե՝ ոչ, դատախազությունն անպատասխան թողեց զանգերը, Քննչական կոմիտեից գրավոր հարցում խնդրեցին: Այն ուղարկել ենք:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ոչ մի ակնկալիք չունի, թե բացահայտվելու են քաղաքացու անձնական տարածքում ապօրինի գաղտնի նկարահանում իրականացնողներն ու տարածողները:

«Մենք չունենք արդարադատության համակարգ, անգամ եթե մեր սիրելի Դանիել Իոաննիսյանը նամակ գրի, գրություն գրի ու ինչ-որ քրեական գործ հարուցվի, ես ավելի քան համոզված եմ, որ ինչպես նախկին դեպքերում, դա որևէ արդյունքի չի հասնելու», - նշեց Կարապետյանցը։

Տեսանյութերին զուգահեռ իշխանական լրատվամիջոցները տեղեկատվությունն էին տարածում, թե Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կաթողիկոսից հրաժարական է պահանջել, պատճառաբանելով, թե լավ է ինքնակամ հեռանա, քանի դեռ հոգևոր վերնախավից մյուսների ուխտազանցության մասին չեն բարձրաձայնում: Սոցցանցային հարթակներում ակտիվ իշխանականների եզրահանգումն այն է, թե այդ տեսանյութերի աղբյուրը հենց Մայր Աթոռն է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը նույնն է ակնարկում. «Կներեք, պարոնայք, բայց զզվեցրիք։ Ձեր սեռական կյանքն ու դրանից բխող կոմպրոմատները, դրանցով իրար դեմ պատերազմները վերցրեք ու հեռացեք եկեղեցուց։ Կրակը չենք ընկել, ամոթ է»։

Արշակ արքեպիսկոպոսն արձագանքում է

«Շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարհանքն ու քմծիծաղը», - տեղի ունեցածին այսպես է արձագանքել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսը:

«Տեղեկացա, որ համացանցով տարածվում են անպատշաճ բովանդակությամբ ինչ-որ տեսանյութեր, դրանք փորձելով կապել իմ և ընտանիքիս հետ։ Դրան զուգահեռ էլ, իրեն լրատվամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է, իբրև թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել։ Իշխող ուժի տխրահռչակ ղեկավարի օգտագործած բառապաշարի ու նախասիրությունների համատեքստում՝ շատ բնական եմ համարում, որ իրեն սպասարկող լրատվամիջոցները այլ ընտրություն չունեն, քան տարածելու «Երկրի հակառակ կողմը» վերնագրված պղծապատումին չզիջող այլասերություններ ու զրպարտություններ»:

«Լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը», - գրում է Արշակ արքեպիսկոպոսը՝ վստահ, որ այս ամենը վարչապետի, իր բառերով, հակաօրինական ուղղորդումն է:

«Եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու իշխանության հայտնի գործելաոճը, համոզված եմ, որևէ արդյունք չի ունենալու։ Խնայեք Ձեր էներգիան, պարոնայք և տիկնայք, այն ձեզ պետք է լինելու պատասխանատվության ժամին, երբ ամբողջապես կբացահայտվեն «ձեր երեսների հակառակ կողմերը», - նշել է նա։

Նիկոլ Փաշինյանն անձամբ էր անոնսել այն, ինչ այժմ հրապարակվել է. իրավապաշտպան

Նիկոլ Փաշինյանն անձամբ էր անոնսել այն, ինչ այժմ հրապարակվել է, հիշեցնում է իրավապաշտպան Կարապետյանցը. «Ամիսներ առաջ վարչապետը իր գրառումների մեջ սրբազանների անուն էր տալիս և ինչ-որ բարեկամական կապ ունեցող կնոջ հետ ինչ-որ գրառումներ էր կատարում և սրան հետևում են հրապարակումները, ակնհայտ է, չէ՞, բա հո չէր մտացածին ինչ-որ բան հորինել վարչապետը։ Պարզ է, որ սա բավականին երկար պրոցես է եղել, որ գրառման պահին արդեն տիրապետում էր այս տեղեկատվությանը, գիտեր, որ չակերտավոր անհրաժեշտ պահին կարող է նաև ապացույցներ ներկայացնել, ասում էր, նաև սպառնում էր, ասում էր՝ պետք լինի կհրապարակենք։ Բա պետք եղավ ու հրապարակեցին։ Իրեն որ թողնեին՝ վարչապետին, երևի թե ինքը իր էջից կհրապարակեր սա»։

Իսկ ո՞ր երկրի հատուկ ծառայություններն են իրականացրել այս գաղտնի նկարահանումը, հարց ունի իրավապաշտպանը. « Իսկ միգուցե ոչ հայկականներն են արել, իսկ միգուցե այն երկրների հատուկ ծառայություններն են դա արել, որոնք որ հետաքրքրված են, որ մեր եկեղեցին կազմաքանդվի և Նիկոլ Փաշինյանն էլ որպես այլ երկրների մեծ երկրպագու ու իրենց շահերը Հայաստանում առաջ տանող վերընտրվի, իսկ միգուցե իրենք են արել։ Այդ դեպքում ես հարց ունեմ մեր իրավապահ մարմիններին ու մեր հատուկ ծառայություններին, բա դուք ինչո՞վ եք զբաղված եղել»։

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, տեսանյութերի հրապարակումից ժամեր անց, ընդհանուր տեքստ է, ընդհանրական նախադասություններով: Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը։

«Պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից պատշաճ քննության առարկա դարձնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը», - նշված է հայտարարությունում:

Վաղը Հովհաննավանքում պատարագի է պատրաստվում Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան: Հանձնախմբի անդամ է նաև Արշակ արքեպիսկոպոսը: Պատարագին մասնակցելու է վարչապետը: Մեկ շաբաթ է՝ վանքի տարածքում ու Օհանավան գյուղում մեծ պատրաստություն է:

Մայր Աթոռը իրավապահներին էր դիմել՝ «Ստեփան Ասատրյանի ներխուժումը Հովհաննավանք դադարեցնելու պահանջով»: Սրան որևէ քայլ չի հետևել: Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց՝ Հովհաննավանքն է իր հոգևոր կյանքի տեղը, կարգալույծ քահանան՝ իր հովիվը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG