Մատչելիության հղումներ

Բերանը փակելով՝ եկեղեցուց հեռացրին քաղաքացուն, ով բղավում էր. «Ստեփան Ասատրյանն իրավունք չունի պատարագ մատուցելու»


Եկեղեցուց բերանը փակելով հեռացնում են քաղաքացուն, ով բղավում էր. «Ստեփան Ասատրյանն իրավունք չունի պատարագ մատուցելու», հոկտեմբերի 26,2025թ.
Եկեղեցուց բերանը փակելով հեռացնում են քաղաքացուն, ով բղավում էր. «Ստեփան Ասատրյանն իրավունք չունի պատարագ մատուցելու», հոկտեմբերի 26,2025թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում այսօր մասնակցում է կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին:

Պատարագի մեկնարկին քաղաքացիներից մեկը բղավեց. «Ստեփան Ասատրյանն իրավունք չունի այստեղ պատարագ մատուցելու»: Այս խոսքերից հետո քաղաքացու բերանը փակելով՝ նրան դուրս հանեցին եկեղեցուց:

Եկեղեցուց հեռացված Հայկ Դորունցը «Ազատության» հետ զրույցում նշեց միայն. «իրեն դուրս են հանել եկեղեցուց ու բաց թողել», ասաց՝ ենթադրաբար իրավապահներն էին։

Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը հրաժարվել է դուրս գալ Հովհաննավանքից՝ ասելով. «Կարգալույծ էղած կաթողիկոսը ինձ չի կարա կարգալույծ անի»:

Տեր Արամը՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը, հայտարարել էր, որ պատրաստվում է կիրակի մեծ պատարագի, չի ընդունում Կարգապահականի որոշումը, սատարում է Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը:

ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը։

Հոկտեմբերի 21-ին է Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը կարգալույծ արել նրան։

Կարգալույծ հռչակված քահանան սեպտեմբերին հրապարակային քննադատել էր եկեղեցական բարքերը, դրանք անվանել զազրելի, խոսել հոգևոր վերնախավի ճնշումների ու Սուրբ Գրքի եկեղեցական կանոնների խախտումների մասին։ Մինչ այդ՝ ծառայության ողջ ընթացքում, Տեր Արամը այս մասին երբեք որևէ բառ չէր ասել և հոժարակամ ընդունել էր Կաթողիկոսի որոշումներն, այդ թվում՝ իրեն ձեռնադրելու մասին:

Այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել: Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը», - ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում նշել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG