Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարում է Պուտինի հետ իր հեռախոսազրույցի մասին


ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփ և Վլադիմիր Պուտին, կոլաժ, արխիվ
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփ և Վլադիմիր Պուտին, կոլաժ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ և քննարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ավարտելու հարցը, տեղեկացնում է The New York Post-ը՝ նշելով, որ Դոնալդ Թրամփն անձամբ է պարբերականին ասել այդ մասին նախագահական ինքնաթիռում:

Թրամփն ասել է, թե Վլադիմիր Պուտինին իրոք մտահոգում է այն, որ մարտի դաշտում մարդիկ են սպանվում, և ցանկանում է, որ պատերազմն ավարտվի: ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ինքը պատերազմն ավարտելու կոնկրետ ծրագիր ունի, թեև պարբերականը չի նշել ծրագրի մանրամասները, միայն մեջբերել է Թրամփի հետևյալ խոսքերը. - «Հուսով եմ, որ դա արագ տեղի կունենա։ Մարդիկ ամեն օր մահանում են։ Այս պատերազմը շատ վատ է Ուկրաինայի համար: Ես ուզում եմ վերջ տալ այս անիծյալ պատերազմին»:

Ըստ աղբյուրի՝ Թրամփն այնուհետև դիմել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Մայք Ուոլցին, որը հարցազրույցի ժամանակ նրա կողքին է եղել, և առաջարկել է սկսել հանդիպումները Ուկրաինայի հարցով։

«Նրանք ցանկանում են հանդիպել: Ամեն օր մարդիկ են մահանում։ Երիտասարդ, գեղեցիկ զինվորներ են սպանվում: Իմ որդիների պես երիտասարդներ: Երկու կողմից էլ, ամբողջ ռազմի դաշտում», - ասել է ԱՄՆ նախագահը:

The New York Post-ը պահպանողական տաբլոիդ է և սատարում է Թրամփին: Այն քաղաքականության մասին ավանդաբար գրող ամերիկյան լրատվամիջոցներից չէ, ինչպիսին են, օրինակ, The New York Times-ը կամ The Washington Post-ը:

Մոսկվան արձագանքել է թերթի հրապարակմանը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «Ինտերֆաքս»-ին ասել է, որ տեղյակ չէ հեռախոսազրույցից։

«Մինչ Վաշինգտոնի վարչակազմը ծավալում է իր աշխատանքը, բազմաթիվ տարբեր շփումներ են տեղի ունենում, և այդ շփումներն իրականացվում են տարբեր ուղիներով, և, իհարկե, այդ բազմաթիվ շփումների ֆոնին ես անձամբ կարող եմ ինչ-որ բան չիմանալ, ինչ-որ բանից տեղյակ չլինել: Ուստի, այս դեպքում ես դա չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել», - նշել է Պեսկովը:

ԱՄՆ նախագահի խորհրդականն, իր հերթին, NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ի պատասխան հարցի, թե կոնկրետ ե՞րբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը՝ ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո՞, թե՞ առաջ, ասել է, որ չի կարող պատասխանել այդ հարցին, և հավելել, որ հաջորդ շաբաթ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ կայցելեն Եվրոպա՝ քննարկելու, թե ինչպես վերջ դնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։ Նաև ասել է՝ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ պատերազմն ավարտվի, իսկ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը կվստահվի Եվրոպային:

«Միացյալ Նահանգների նախագահը պատրաստ է քայլեր ձեռնարկել բանակցությունների բոլոր կողմերին ներգրավելու համար: Մենք պետք է բոլոր կողմերին բերենք բանակցությունների սեղանի շուրջ և վերջ տանք այս պատերազմին։ Եվ դա նշվել է Չինաստանի նախագահ Սիի, Հնդկաստանի վարչապետ Մոդիի, Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ զրույցներում։ Բոլորը պատրաստ են օգնել նախագահ Թրամփին վերջ դնել այս պատերազմին», - հայտարարել է Ուոլցը:

Թրամփի իշխանության գալուց հետո բազմիցս հաղորդվել է, որ Թրամփ-Պուտին հանդիպում է պատրաստվում, սակայն հանդիպման ժամանակի կամ վայրի մասին մանրամասներ չեն հաղորդվում: ԱՄՆ-ն, ինչպես և արևմտյան այլ երկրներ, բազմիցս հայտարարել է, որ պատերազմն ավարտելու շուրջ ցանկացած բանակցություն պետք է տեղի ունենա միայն Ուկրաինայի մասնակցությամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես պարբերաբար հայտարարել է, որ Թրամփը նախ պետք է հանդիպի իր, և հետո միայն Պուտինի հետ։

«Սա շատ կարևոր է, հակառակ դեպքում դա նման կլինի Ուկրաինայի մասին երկխոսության առանց Ուկրաինայի: Կարևոր է, որ գործընկերները նախ միմյանց հետ քննարկեն իրենց խնդիրները, և հետո արդեն խոսեն հակառակորդի հետ», - հայտարարել Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է՝ պատերազմի ժամանակ նախագահական ընտրությունների անցկացումը, որ առաջարկում է Միացյալ Նահանգները, կարող է հանգեցնել բանակի կորստի և ստեղծել ռուսական զինուժի հակահարձակման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

«Ի՞նչ են այսօր ընտրությունները: Ես դրանցից ընդհանրապես չեմ վախենում։ Պարզապես ի՞նչ կլինի: Մենք պետք է վերջ տանք ռազմական դրությանը: Կամ դադարեցնենք ռազմական դրությունը։ Եթե ռազմական դրությունը դադարեցնենք, բանակը կկորցնենք։ Եվ, սկզբունքորեն, ռուսներն ուրախ կլինեն», - պնդել է Ուկրաինայի նախագահը:

Ռուս - ուկրաինական ռազմաճակատում այս ընթացքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Դոնեցկի Կոնստանտինովկա և Կրամատորսկ քաղաքներին ռուսական ավիահարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել 12 խաղաղ բնակիչ: Սումիում ռուսական անօդաչուի հարվածից վնասվել է երեք տուն, այրվել է վեց ավտոմեքենա:

Ռուսական կողմը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչուներ է խոցել Կրասնոդարում, Բրյանսկում, Ռոստովում, Բելգորոդում և Կուրսկում:

XS
SM
MD
LG