Ռուսաստանի Կուրսկի մարզում նախօրեին սկսված հարձակողական գործողությունների ընթացքում ուկրաինական զորքը վերահսկողության տակ է առել առնվազն մեկ բնակավայր և առաջ շարժվել Սուջա քաղաքից 5 կիլոմետր հարավ-արևելք: Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի այսօրվա տեղեկագրում։
Ռուսական աղբյուրները հաստատում են, որ ուկրաինական կողմը մի շարք մարտավարական հաջողություններ է գրանցել, թեև պնդում են, որ ռուս զինվորականները ոչնչացրել են մեծ քանակի ուկրաինական զինտեխնիկա: Ռուսական Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչուն հարվածել է ավտոմեքենայի, ինչի հետևանքով երեք մարդ է սպանվել, այդ թվում՝ մեկ երեխա:
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ռուսական զինուժը գրավել է ուկրաինական Տորեցկ քաղաքը, Կիևը սա դեռ չի հաստատել: Ռուսական զորքը շարունակում է նաև ուկրաինական Պոկրովսկ քաղաքի վրա գրոհները. վերջին 24 ժամում ավելի քան 30 հարձակում է իրականացվել: Ռուսական զինուժը նաև գիշերն անօդաչուներով հարվածել է Կիևին, Խարկովին և Սումիին, որտեղ բազմաբնակարան շենքին անօդաչուի հարվածից երեք մարդ է սպանվել:
Ուկրաինայի նախագահն օրերս հայտարարել էր, որ Կիևը շարունակում է ռազմական օգնություն ստանալ Վաշինգտոնից: Երեկ էլ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ստացել են ֆրանսիական և ամերիկյան արտադրության կործանիչների առաջին խմբաքանակը, թեև ավելի շատ ակնկալիքներ ունեին:
«Ես չեմ ասի կործանիչների քանակը, դրա իրավունքը չունեմ: Բայց դրանք ուղարկվել են այն ժամկետներում, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք նախագահ Մակրոնի հետ: Այո, Mirage կործանիչները ժամանել են, բայց, ճիշտն ասած, մենք սպասում էինք լրացուցիչ F-16 և Mirage կործանիչներ», - ասել է Զելենսկին:
Մամուլն այս օրերին գրում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է առաջիկայում խաղաղության ծրագիր ներկայացնել: Մասնավորապես, ըստ Bloomberg-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը պատրաստվում է հաջորդ շաբաթ Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի ժամանակ բացահայտել հակամարտության խաղաղ կարգավորման՝ Սպիտակ տան առաջարկը։ Սակայն Քելլոգը Newsmax-ի հետ զրույցում հերքել է դա:
«Ոչ, չենք պատրաստվում դա անել: Մարդը, որ կներկայացնի խաղաղության ծրագիրը, Միացյալ Նահանգների նախագահն է, ոչ թե Քիթ Քելլոգը: Խաղաղության ծրագրի ներկայացումը ամենևին էլ չի լինի հաջորդ շաբաթ», - ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը:
Զելենսկին, որը կգլխավորի Ուկրաինայի պատվիրակությունը Մյունխենյան համաժողովում, երեկ ասել է, թե վստահ է՝ Միացյալ Նահանգները դեռ պաշտոնական ծրագիր չունի, ապա նշել, թե ցանկացած նման ծրագիր պետք է համաձայնեցվի Կիևի հետ։
«Գուցե ես սխալվում եմ, բայց վստահ եմ՝ այն, ինչ հիշատակվում է տարբեր հրապարակումներում, նախագահ Թրամփի պաշտոնական պլանը չէ, քանի որ վստահ եմ, որ մեր թիմերը միասին են աշխատելու։ Չի կարող լինել առանձին ծրագիր, որը կներկայացնի ինչ-որ մեկը, նույնիսկ Միացյալ Նահանգները», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը:
Սպիտակ տան հատուկ բանագնացը New York Post-ին էլ երեկ ասել է, որ Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Ըստ նրա՝ պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու առումով ԱՄՆ-ն ավելի ակտիվ է, քան մյուս երկրները:
«Մենք իսկապես կարող ենք խստացնել պատժամիջոցները, հատկապես վերջինները: Ճնշումը չի կարող լինել պարզապես ռազմական: Պետք է գործադրել տնտեսական ճնշում, դիվանագիտական ճնշում, ինչ-որ տեսակի ռազմական ճնշում, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ ընթանում է մեր ուզած ուղղությամբ», - նշել է Քելլոգը:
Բանագնացն օրերս նաև հայտարարել էր, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացվեն՝ ցանկալի է այս տարի, հատկապես եթե կողմերին հաջողվի հրադադարի շուրջ համաձայնության գալ, մինչդեռ Կիևը համարում է, որ պատերազմի ժամանակ դա հնարավոր չէ:
«Ժողովրդավարական պետություններից շատերն են ընտրություններ անցկացնում պատերազմի ժամանակ: Կարծում եմ՝ կարևոր է, որ նրանք դա անեն: Հենց դա է իսկական ժողովրդավարության ողջ հմայքը», - ընդգծել է Քիթ Քելլոգը:
Ուկրաինայում նախագահական ընտրություններ պետք է անցկացվեին անցած տարվա մարտին, սակայն պատերազմի և հայտարարված ռազմական դրության պատճառով հետաձգվել են անորոշ ժամանակով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հենց սա է մատնացույց անում, երբ ասում է, որ չի պատրաստվում բանակցել Զելենսկիի հետ՝ նրան համարելով ոչ լեգիտիմ նախագահ: Զելենսկին, մինչդեռ, պնդում է, թե Պուտինը վախենում է իր հետ բանակցություններից և անում է հնարավոր ամեն բան պատերազմը երկարացնելու համար։