Ռուսաստանի Կուրսկի մարզում նախօրեին սկսված հարձակողական գործողությունների ընթացքում ուկրաինական զորքերը կարողացել են վերահսկողության տակ առնել առնվազն մեկ բնակելի տարածք և առաջ շարժվել Սուջա քաղաքից 5 կիլոմետր հարավ-արևելք ընկած խորության վրա։ Այս մասին ասված է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի այսօրվա տեղեկագրում։
Ռուսական աղբյուրները՝ մասնավորապես պատերազմը լուսաբանող տելեգրամյան ալիքները պնդում են, որ ռուս զինվորականներին հաջողվել է ոչնչացնել մեծ քանակությամբ ուկրաինական զինտեխնիկա, միաժամանակ հաստատելով, որ ուկրաինական կողմը մի շարք մարտավարական հաջողություններ է գրանցել։
«Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են ներթափանցել մեր պաշտպանական գիծ մինչև 5 կմ խորությամբ», - գրում է "Два Майора" տելեգրամյան ալիքը։
Միևնույն ժամանակ, ըստ ռուսական աղբյուրների, ուկրաինացի զինվորականները դեռ չեն հասել հարձակման «հիմնական նպատակին», քանի դեռ չեն հասել այդ ճանապարհին խոշորագույն բնակավայրերից մեկի՝ Ուլանոկ գյուղի գրավմանը:
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մի մասը վերահսկողության տակ են պահում անցած տարվա օգոստոսից ի վեր։ Կես տարվա ռազմական գործողությունների արդյունքում ռուս զինվորականներին հաջողվել է վերադարձնել կորցրած տարածքների միայն մի մասը, սակայն Սուջայի շրջկենտրոնը և հարակից շրջանները շարունակում են մնալ ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ: