Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրելու շուրջ միջազգային հանրությունից հնչող հորդորներին ու ակնկալիքներին, սահմանին կրակոցները չեն դադարում։ Երեկ գիշերվանից Սյունիքի Խնածախ գյուղում կրկին լսվել են ադրբեջանական զինուժի կրակոցները։
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը, կրակոցները նախորդ օրերին ավելի ինտենսիվ են եղել։
«Ժամը 10:20-ից սկսած, փոփոխական ժամեր են, մինչև առավոտվա 4:30: Լինում է մի քանի վայրկյան, հետո դադար են տալիս ու նորից», - ասաց նա:
Սեյրան Միրզոյանի խոսքով՝ ադրբեջանական ԶՈւ-ի կրակոցները նախորդ օրերին ավելի ինտենսիվ են եղել:
«Գյուղում ամեն մեկն իր գործին է՝ գարնանային աշխատանքներով են զբաղված, ընդամենը մի քիչ մտահոգություն է կրակոցների վերաբերյալ, իսկ ինչ վերաբերում է ժողովրդին իրենք իրենց անշնորհք պահվածքով փորձեն վախեցնել, նման բան չի կարող լինել: Ուղղակի մտահոգություն է, երեխաների շրջանում է մի քիչ խնդիր, մնացածը նորմալ է», - հավելեց նա, - «Մեր տղաներն ընդհանրապես փորձում են դեպի խաղաղություն, մեր կողմից կրակոցներ չկան, միանշանակ իրենք ենք կրակում»:
Ադրբեջանական կրակոցները շուրջ երկու շաբաթ է՝ չեն դադարում։ Անցած ամսվա վերջին ադրբեջանական կողմը կրակել էր Խնածախի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն։ Պաշտպանության նախարարությունը լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով գետնին ընկած պարկուճն ու կրակոցից վնասված պատուհանը։
Այսօր Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ հենց այդ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագմամբ պայմանավորված և ապօրինի զենքի հոդվածներով։
Ադրբեջանում քննարկվել է սահմանին իրավիճակը
Սահմանին չդադարող ադրբեջանական կրակոցներին զուգահեռ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվել են վերջին օրերին «հակառակորդի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների կանոնավոր գնդակոծությունները և անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնելու փորձերը»։ Զաքիր Հասանովը համապատասխան պաշտոնատար անձանց հանձնարարել է պատրաստ լինել «ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքելու համար»։
Պաշտոնական Երևանը նախորդ շաբաթների ընթացքում բազմիցս հերքել է Բաքվի այս և մյուս մեղադրանքները։
Միջազգային հանրության կողմից իրական ճնշում չկա Բաքվի վրա. Հակոբ Բադալյան
Աճող լարվածության այս ֆոնին երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը Բաքվում հայտարարել էր, թե նախագահ Թրամփն անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և որ խաղաղությունն անվտանգություն և բարգավաճում կբերի Հարավային Կովկասին։
Ինչո՞ւ այսօրինակ հայտարարությունները Բաքվի վրա որևէ ազդեցություն չեն ունենում. քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ իրականում միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից, իրական ճնշում չկա Բաքվի վրա, որպեսզի վերջինս իսկապես գնա խաղաղության և հրաժարվի իր նախապայմաններից։
«Ալիևն, իհարկե, շատ լավ հասկանում է, որ այդ հայտարարությունները հիմնականում դիվանագիտական հայտարարություններ են, բայց դրանց ներքո իրական քաղաքական վիճակը բավականին բարդ է, բազմաշերտ, և հիմա մասնավորապես Դոնալդ Թրամփի համար հայ-ադրբեջանական հարցը և խաղաղության պայմանագիրը հաստատապես առաջին հետաքրքրությունների շարքում չեն», - ասաց Հակոբ Բադալյանը:
«Այս տեսանկյունից Ադրբեջանը, շատ լավ պատկերացնելով այդ հանգամանքները հայտարարություններից անդին, շարունակում է կիրառել այդ գործիքը՝ առնվազն հոգեբանական ճնշում բանեցնելու համար, նաև որոշակի շանտաժ գործադրելու համար: Այդ հանգամանքները Ադրբեջանն օգտագործում է ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաև կարծում եմ՝ Կովկասով հետաքրքրված աշխարհաքաղաքական խաղացողների հետ իր տարբեր բնույթի հարաբերություններում՝ որպես խաղաքարտ: Ես կարծում եմ՝ սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է այդ ապատեղեկատվությունը՝ իբրև թե հրադադարի խախտման համար, և ինքն իր հերթին ինչ-որ կրակոցներ արձակում», - շեշտեց քաղաքական մեկնաբանը: