Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը կրակոցների մասին:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Կառույցը հիշեցնում է, որ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Նախորդ օրերին ևս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրել էր Երևանին կրակ բացելու մեջ: Հայկական կողմը հերքել էր Բաքվի բոլոր հաղորդագրությունները: Ավելին, Սյունիքի մարզի սահմանային երկու գյուղերից՝ Խնածախից ու Խոզնավարից տեղացիներն արդեն ավելի քան 10-ն օր է՝ հաղորդում են Ադրբեջանի զինուժի կրակոցների մասին։