Սահմանային Խոզնավար ու Խնածախ գյուղերում կրակոցները, ըստ տեղացիների, երկվանից նվազել են։ Սյունիքի այս երկու գյուղերից քանի օր է հայտնում են՝ ադրբեջանցիները ակտիվանում են գիշերը ու հիմնականում օդ են կրակում։
Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն «Ազատությանը» փոխանցեց՝ եթե նախորդ 6 օրերին ադրբեջանցիները գիշերը 10:20-ից սկսած մեկ ժամը մեկ պարբերականությամբ էին կրակում, արդեն երկու օր է՝ հաշված անգամներ։
240 բնակիչ ունեցող ու անմիջապես ադրբեջանական դիրքերով շրջապատված Խոզնավարում, վարչական ղեկավարի խոսքով, մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, գյուղում նաև ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել։
«Բոլորն իրենց գործին են, մարդիկ գործ են անում հանդում», - նշեց նա:
Խնածախից Կամելա Օհանյանն էլ այսօր «Ազատությանը» պատմեց՝ վերջին երկու օրերին ադրբեջանական դիրքերից կրակոցներ հազվադեպ են լսում. «Կրակել են, բայց այն օրերի նման չէր, քիչ՝ 2-3 անգամ»:
Կամելա Օհանյանի խոսքով՝ տագնապը փոքր-ինչ անցել է, բայց վստահ չէ, որ ադրբենջանցիները կրակը կդադարեցնեն։ Պաշտպանության նախարարությունը այս դեպքերի մասին չի հաղորդում։ Ռազմական կառույցից պնդում են, թե դրանք վտանգավոր չեն և ուղղված չեն Հայաստանի տարածքին։
Չնայած պաշտպանության նախարարի մակարդակով արվող հայտարարություններին, ընդդիմությունից քննադատում են ու պնդում, որ պաշտպանական գերատեսչությունը պարտավոր է նման դեպքերում իրազեկել քաղաքացիներին, անգամ եթե կրակոցները ադրբեջանական դիրքերում են տեղի ունեցել։