Մատչելիության հղումներ

ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ


Հայաստանի ռազմական գերատեսչությունն այսօր արդեն երկրորդ անգամ հերքում է կրակոցների մասին Բաքվի հաղորդագրությունը:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունն առավոտվա հաղորդագրության մեջ նշել էր, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան:

Տեղից «Ազատության» հետ զրույցում ասել էին, որ կրակոցների ձայներն այնքան բարձր էին, որ կարծես պատուհանի տակ կրակեին:

Նախարարությունը հերթական անգամ հիշեցնում է, որ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաև վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։


XS
SM
MD
LG