Մատչելիության հղումներ

Գիշերը ադրբեջանցիները կրակել են Խնածախի ուղղությամբ՝ վնասելով տուն


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Թեև ավելի քան մեկ շաբաթ է ինչ Սյունիքի մարզի Խոզնավար ու Խնածախ համայնքների բնակիչներն «Ազատությանը» պատմում էին հատկապես գիշերային ժամերին ադրբեջանական կողմից կրակոցների մասին, Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առաջին անգամ հաղորդեց՝ երեկ գիշեր ադրբեջանական կողմը կրակել է Խնածախի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը միաժամանակ հերքել է հրադադարը խախտելու՝ Բաքվի պնդումները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ ու այսօր հայկական կողմին մեղադրել է կրակ բացելու և անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնելու մեջ:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով», - ասված է ՀՀ ՊՆ լրատվական վարչության հաղորդագրությունում:

Ադրբեջանը չի արձագանքել այս առաջարկին: Հայաստանի պաշպանության նախարարությունը նաև հիշեցրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննող համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որին ևս Բաքուն չի պատասխանել:

Խնածախցի Կամելա Օհանյանն «Ազատությանը» պատմեց՝ ձայներն այնքան բարձր էին, կարծես իր պատուհանի տակ կրակեին:

«Երկու օր չկար, նորից գիշերը եղել են կրակոցները, քանի անգամ եղել է ու երկար: Դադարում են, մի երկու ժամը մեկ տենց կրակում էին շատ: Ժամը 10:30-ից հետո սկսում են, ու ընթացքում կար, էլի, չորս անգամ կրակել են: Ես պառկած եմ եղել, բայց ձենները ուժեղ գալիս ա, էի, ոնց որ մոտս լինի, այ տենց: Գյուղի պոստը մոտիկ ա, էլի, ստեղ մեզանից վերև, որ կրակում են, լսում ենք արդեն», - «Ազատությանը» փոխանցեց խնածախցի կինը:

Չնայած անցած շաբաթ սահմանային Խնածախից ու Խոզնավարից ստացվող լուրերին, որ գյուղերում կրակոցներ են լսում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարել էր՝ սահմանի երկայնքով կրակոցների դեպքեր լինում են, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն:

«Բնականաբար, դրանք էն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով՝ մեր կողմից հայտարարության չեն արժանանում», - նշել էր Պապիկյանը:

Այսօր արդեն Պաշտպանության նախարարությունը հաղորդագրությանը կից լուսանկարներ է հրապարակել, դրանցում գետնին ընկած պարկուճ է ու կրակոցից վնասված պատուհան: Խնածախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ դա Խնածախի գյուղապետ Սեյրան Միրզոյանի տունն է: Տեղեկությունը հաստատելու կամ հերքելու համար «Ազատություն»-ը դեռ փորձում է կապ հաստատել Միրզոյանի հետ, նա զանգերին չի պատասխանում:

Հարևան Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն էլ ասաց՝ անցած գիշեր կրակոցների ձայնը հեռվից է լսվել՝ շատ խուլ. - «Էս իրեք օր ա՝ մեր գյուղում կրակոցներ չի եղել, գյուղի վերևում մի երկու հատ կրակոց եղել ա, բայց խորքից ա ձեները եկել, երեկ էր»:

Կրակոցների մասին տեղեկություններն ու մեղադրանքները հաջորդում են հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG