Մատչելիության հղումներ

Շրջանառության հարկի բարձրացման դեմ բողոքող ՓՄՁ-ները պահանջում են կառավարությունից նահանջել


Փոքր ու միջին ձեռնարկատերերը չեն նահանջում: Պահանջում են, որ Փաշինյանի կառավարությունը նահանջի ու վերադառնա հարկման նախկին մեթոդին: Դեմ են շրջանառության հարկի կրկնակի բարձրացմանը, որ հունվարի 1-ից է ուժի մեջ մտել:

«Սա ոչ թե միայն առևտրականներին է վերաբերում, սա առաջինը կպնում է ժողովրդի գրպանին: Պահանջում եմ հաստատագրված գումար թող դնեն կամ սարքեն 1 տոկոս առանց հայտարարագրման, առանց փաստաթղթի», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Կառավարությունը շրջանառության 5 տոկոս հարկը դարձրել է 10 տոկոս բոլոր նրանց համար, ովքեր ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացնի, իսկ պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը կկազմի շրջանառության միայն մեկ տոկոսը: Հիմնավորում են, որ այսպես ստվերն են կրճատում: Առևտրով զբաղվողները դեմ են այս փոփոխություններին:

«Ուզում են այնպես անել, որ մենք մեր ժամանակի 90 տոկոսը ծախսենք հարկայինի վրա, 10 տոկոսը՝ մեր բիզնեսի, որը տապալում է», - ասաց առևտրով զբաղվողներից մեկը, մյուսն էլ հավելեց. «Ես տնտեսվարող եմ, ո՞նց են կարծում՝ պիտի 10 հոգի պահեմ, որ ապրանք հաշվե՞նք անընդհատ»:

Ձեռնարկատերերի բողոքի ալիքից հետո Կառավարության վերջին նիստում հաստատեցին աջակցության մի ծրագիր, որով շրջանառության կրկնապատկված չափը հետաձգում են 6 ամսով, բայց սա էլ պայմաններով, որ հասցնեն իրացնել մինչև նոր օրենքի ընդունումը ձեռք բերված ապրանքը ու մնացորդը փաստաթղթավորեն: Բայց հենց այս պայմանին էլ դեմ են ձեռնարկատերերը: Ակցիայի մասնակիցներից մեկը, որ նաև հաշվապահ է, պնդում էր, որ կառավարությունը մարդկանց մոլորեցրել է՝ բողոքի ակցիաները մարելու նպատակով:

Նրանք կառավարության աջակցության ծրագիրը հարցի լուծում չեն համարում, քանի որ վեց ամիս հետո կրկնապատկված հարկն է ուժի մեջ մտնելու: Իսկ իրենք պահանջում են, որ այդ օրենքը վերացնեն ու նախկինով շարունակեն աշխատել:

Այսօր գործադուլ էին անում նաև Գյումրիում նույն պահանջով: Շիրակի մարզպետին են հանդիպել, բայց հարցը չի հանգուցալուծվել: Դավիթ Առուշանյանը խոստացել է Երևանից որևէ պաշտոնյայի հրավիրել ու հարցը քննարկել:

Երևանում կառավարությունից ոչ մեկը չհանդիպեց ցուցարարներին: Նրանք էլ չփորձեցին ոստիկաններով շրջապատված դռներից ներս մտնել: Ձեռնարկատերերն ավելի ուշ շարժվեցին Էկոնոմիկայի նախարարություն, նրանց ընդունեց նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարը խոստացավ քննարկել ձեռնարկատերերին հուզող հարցերը, օրինակ՝ ընթացակարգերը պարզեցնել:

Էկոնոմիկայի նախարարությունում էլ հարցը չհանգուցալուծվեց այնպես, ինչպես պահանջում էին փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Օրենքը չի փոխվի, շրջանառության 10 տոկոսանոց հարկը ուժի մեջ կմնա: Կառավարության վերջին նիստում վարչապետ Փաշինյանն էլ էր հաստատել՝ իրենց կամքն անբեկանելի է:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG