Գնունու շուկայում այսօր այնքան քիչ հաճախորդ կար, որ տաղավարների մեջտեղում գոյացած ազատ հատվածում ապրանքների տերերը շախմատ ու նարդի են խաղում՝ սպասելով հնարավոր գնորդին:
Շուկայում բոլորը մեկ թեմա ունեն այս օրերին՝ հարկային փոփոխությունները:
Հունվարից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի նոր պահանջներից երկու հիմնականներն այս շուկայում չեն կարող իրականացնել անգամ մեծ ցանկության դեպքում: Ձեռքբերման փաստաթղթեր ապրանքներից շատերի համար պարզապես գոյություն չունեն: Այստեղ վաճառվում են սարքերի մասեր կամ արդեն օգտագործված իրեր, դետալներ, որ կուտակվել են տարիների՝ անգամ տասնամյակների ընթացքում, որոշները վերանորոգել ու տեսքի են բերել սեփական ձեռքերով: Կառավարության առաջարկը՝ ներկայացնել ձեռքբերման փաստաթղթերն ու 10 տոկոսի փոխարեն վճարել շրջանառության 1 տոկոսի չափով հարկ, իրենց շուկայում հնարավոր չէ իրագործել:
Այս շուկայում զավեշտալի է հնչում նաև եղած ապրանքը գույքագրելու Հարկայինի պահանջը: Ասում են՝ թող կառավարությունից տասը հոգի գա և փորձի միայն մեկ տաղավարի ապրանք գույքագրել: «Սրա ի՞նչը գույքագրեմ, եթե մարդ կլինի կառավարությունում, էս կարողանա մի ամսով գույքագրի, ապրանքս տալիս եմ իրան», - ասաց նրանցից մեկը:
Հարկային այս փոփոխություններով տնտեսության ստվերը վերացնելու կառավարության հիմնավորումներն այստեղ համոզիչ չեն: Ամեն օր բաց երկնքի տակ, ցրտին կամ տապին աշխատող մարդիկ խորհուրդ են տալիս պաշտոնյաներին այդ ստվերը առաջին հերթին իրենց շրջապատում փնտրել: Իսկ այս հարկային փոփոխություններն ասում են՝ շուտով ոչ թե տնտեսության ստվերը կվերացնեն, այլ շուկայում գնորդների ու հենց իրենց՝ վաճառողների ստվերները չեն թողնի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս՝ Գերմանիայից տպավորված էր վերադարձել, սրճարանում տեսել էր աշխատող թոշակառուների, ու ոգևորությամբ նշում էր, որ հայաստանցի թոշակառուների համար էլ պետք է սոցիակալան բիզնեսներ նախաձեռնել կառավարության աջակցությամբ:
Թոշակառու Պավել Վարդանյանն ի տարբերություն իր գերմանացի տարեկիցների, որոնց նկատել ու օրինակ էր բերում վարչապետը, աշխատում է ոչ թե տաք սրճարանում, անձրևից ու քամուց պաշտպանված միջավայրում, այլ բացօթյա շուկայում, մեկուկես մետր տարածքում է ապրանքը վաճառում ՝ 6 հոգանոց ընտանիքի ֆինանսական բեռը թեթևացնելու համար:
Գերմանացի թոշակառուներից հետո վարչապետը կտեսնի՞ արդյոք իր աշխատավայրի դիմաց մի քանի շաբաթ շարունակ բողոքող այս մարդկանց: Հարկային փոփոխությունները կասեցնելու նրանց պահանջն առայժմ բախվում է կառավարության շենքի առջև կանգնած ոստիկանական խուլ պատին և վիճակագրական գույնզգույն աղյուսակներին, որոնցով պաշտոնյաները հիմնավորում են փոփոխությունները:
Տասնյակ հազարավոր մարդկանց փաստարկները, որ հնարավոր է զրկվեն իրենց հանապազօրյա հացից, կառավարությունը համարում է չհիմնավորված և ոչ համոզիչ: