Մատչելիության հղումներ

Կասեցնել հարկային փոփոխությունները. ոսկու շուկաների ու տոնավաճառների աշխատակիցները՝ կառավարության առջև


Կառավարության շենքի մոտ այսօր դարձյալ տարբեր տոնավաճառների ու ոսկու շուկաների աշխատակիցներն էին: Պահանջում են շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունների կասեցում: Հունվարի 1-ից շրջանառության 5 տոկոս հարկը դարձել է 10 տոկոս բոլոր նրանց համար, ովքեր ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացնի, իսկ պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը կկազմի շրջանառության միայն մեկ տոկոսը: Բացի այս, օրենքը դրել է նաև եղած ապրանքը գույքագրելու պահանջ:

Առևտրականներն ասում են՝ թղթի վրա վատ չի հնչում, բայց իրականությունը լրիվ այլ է. «Ժողովրդի համար կյանքի ու մահվան հարց է դա»:

Արտիկ Արզաքանցյանը, որ այսօր Գավառում գործադուլ էր հայտարարել, փակել էր համակարգչային տեխնիկայի ու մասերի իր փոքր խանութն ու հասել էր Երևան՝ կառավարության մոտ միանալու շրջանառության հարկի փոփոխությունների դեմ բողոքի ակցիային, ասում է՝ գործադիրը հաշվի չի առել շատ հանգամանքներ. մարզում գործող իր փոքր խանութում ցանկության դեպքում էլ ձեռքբերման փաստաթղթեր չի կարող ներկայացնել, իսկ հարկային բեռը կրկնապատկելը շատ ծանր կլինի իր համար:

Փոփոխություններից դժգոհ են թե՛ մարզերում, թե՛ Երևանում: Փաստաթղթեր ձեռք բերելը շատ հաճախ հնարավոր չէ, հնարավորության դեպքում էլ մատակարարները փաստաթղթերով աշխատելու դեպքում ձեռքբերման այլ գին են նշում, իրենք էլ ստիպված պիտի ապրանքի գինը բարձրացնեն, ասում են առևտրականները, հավելելով՝ սակայն թանկացնելու դեպքում առևտուր չի լինի: Բացի այդ, արդեն իսկ ունեն ձեռք բերված ապրանքներ, որոնք չունեն անհրաժեշտ փաստաթղթեր:

«Ասում են՝ եթե ձեռքբերման թուղթ ունենաք, աշխատելու եք 1 տոկոսով: Հա, ուզում ենք աշխատել, բայց այդ ձեռքբերման թուղթը, որ բերենք, գները բարձրանալու են: Այսօրվա դրությամբ պետությունն ուզում է մեզնից բռնի խոշորին», - ասաց նրանցից մեկը, մյուսն էլ շարունակեց. «Մենամարտը սկսված է, եթե մենամարտ ուրեմն մենամարտ»:


«ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը, որ գրավոր ձևակերպել է տնտեսվարողների պահանջներն ու ուղարկել կառավարություն, ասում է՝ գործադիրը նման մասշտաբի փոփոխության դեպքում պետք է նախօրոք ազդեցության գնահատում աներ, իրազեկեր:

«Օրինակ՝ մարզային խանութին նույն ձև հարկել, ինչ հրապարակում գործող խանութին, չի կարող այդպես լինել: Եթե մեծ շահառուների խումբ ունեցող մարդկանց վերաբերող օրենսդրական նախաձեռնություններն այս ձևով են ընդունվում, առանց կանխատեսումներ ու վերլուծություններ անելու, պատկերը սա է լինում», - նշեց նա:

Կառավարությունից ներկայացուցիչ իջավ՝ բողոք դիմումների բաժնից, ասաց՝ գրավոր է պետք ներկայացնել՝ տեղում պարզելով, որ գրավոր դիմում արդեն իսկ ներկայացվել է:

«Բոլոր խնդիրները կառավարությունը պատրաստակամ է մանրակրկիտ ուսումնասիրի», - ասաց նա:

Հակոբ Ավագյանն ասաց՝ ակնկալում են, որ վարչապետը հինգշաբթի օրվա նիստում թեկուզ բանավոր կանդրադառնա պահանջին, իսկ տնտեսվարողները նիստի օրը դարձյալ բողոքի ցույցով կհավաքվեն կառավարության շենքի մոտ:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, սակայն, այսօր խորհրդարանում ևս մեկ անգամ պնդել է, որ իրենք հաշվարկներ արել են, փոփոխությունները ժամանակին հիմնավորել են, իսկ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների պահանջներն իրենց համար անհիմն են, նրանց բերած փաստերն իրենց չեն համոզել:

«Որտե՞ղ է երաշխիքը, որ այդ հետաձգված ժամանակահատվածի ավարտից հետո կրկին նման պահանջ չի ներկայացվելու: Մենք բովանդակության կողմնակից ենք, և ցավոք, մինչև այս պահը մենք չենք ստացել նման հիմնավոր, վերլուծություններող ուղեկցվող առաջարկ», - նշել է նա:

Մանրամասները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.

XS
SM
MD
LG