Մինչ տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակով քարոզվում է հրաժարվել կանխիկից, վճարումները կատարել քարտով, Կենտրոնական բանկի վերջին տվյալներն ու պատահական քաղաքացիների հետ զրույցները փաստում են՝ վերջին օրերին կանխիկի շրջանառության ծավալը մեծացել է։
Ո՞րն է պատճառը, որ վերջին 10 օրերում կանխիկի ծավալն ավելացել է 22 մլրդ դրամով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը Կենտրոնական բանկի այս տվյալների և պետության ընդունած որոշումների միջև ուղիղ կապ է տեսում։ Առաքելյանը վստահ է՝ եկամուտների պարտադիր հայտարարագրման օրենքն է մարդկանց ստիպել խուսափել փոխանցումներից։
«Հենց տնտեսության առանձնահատկությունը դա է, որ կառավարությունը ինչ-որ մի բան է անում, չգիտակցելով, որ դա կարող է շղթայական բազմաթիվ խնդիրներ առաջացնել: Այսինքն, դու պետք է ցանկացած ռեֆորմի ժամանակ էդ ռեֆորմը դիտարկես ամբողջ տնտեսության համատեքստում, ոչ թե միայն առանձին՝ դե լավ, եկամուտ եք ստանում հայտարարագրեք, ի՞նչ խնդիր կա», - ասաց տնտեսագետը:
Իր պաշտոնավարման առաջին իսկ տարուց վարչապետ Փաշինյանը պնդում է, որ հետևողական են լինելու կանխիկ շրջանառությունը կրճատելու հարցում, դա, նրա կարծիքով, կարևոր է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքակրթական առումով:
«Ընդհանրապես, կարծում եմ, արդեն անիմաստ է իշխանության տնտեսական քաղաքականության մեջ որևէ տրամաբանություն գտնել, որովհետև ցանկացած տնտեսական կանոնի չի ենթարկվում իրենց քաղաքականությունը, գործում է օրվա խնդիրերը լուծելով կամ օրվա նախագիծ անելով», - նշեց Առաքելյանը:
Իշխանությունն ակնկալում է, որ ավելի քան 700 հազար աշխատող քաղաքացի այս տարի մինչև նոյեմբերի 1-ը իր եկամուտները կհայտարարագրի։ Նպատակն, ասում են, կոռուպցիայի դեմ պայքարն է, որ իմանան՝ ով է չարաշահում պետական աջակցությունը և ով, իրոք, դրա կարիքն ունի։
Հանրության դժգոհության ֆոնին կառավարությունը հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխեց նոյեմբեր՝ ընդունելով նաև, որ ծրագիրն անգամ տեխնիկապես պատրաստ չէ: Օրինակ՝ անձնագրայիններում ID քարտերի հերթեր են, իսկ առանց դրա հնարավոր չէ եկամտուների հայտարարագիր լրացնել:
Թեև կառավարությունը խոստանում է հայտարարագրողներին խրախուսել մինչև 100 հազար դրամներով, այդուհանդերձ, «Ազատության» հետ զրույցներում պատահական քաղաքացիներն ասում էին՝ չեն շտապում ընդունել պետության հայտարարագրման հրավերը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Առաքելյանը կարծում է, որ մարդկանց մի զգալի մասը ոչ թե խուսափում է, որովհետև թաքցնելու բան ունի, այլ պարզապես ամեն ինչի մեջ ծուղակ է տեսնում։
«Ճնշող մեծամասնությունը որևէ չարաշահման, հարկերից խուսափման հետ, բանական է, կապ չունի, սակայն մարդիկ չունենալով բարձր ֆինանսական, իրավական գիտելիքներ, այսպես ասած ասում են՝ շառից, փորձանքից հեռու լինենք, նաև իշխանության վարքագիծը՝ այսօր ասում են չի հարկվում, վաղը կասեն հարկվում է հետևաբար այդ ամեն ինչը հաշվի առնելով քաղաքացիների մի զգալի զանգված սկսում է խուսափել անկանխիկ գործարքներից», - ներկայացրեց նա:
Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էր ասել՝ հայտարարագրման նպատակը միայն կոռուպցիայի դեմ պայքարը չէ, պետությունը պարզապես ուզում է լավ ճանաչել իր քաղաքացիներին։
Նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը, սակայն, կարծում է, որ այդ ճանաչողական ճանապարհին քաղաքացին պարզապես ավելի ու ավելի է կորցնում վստահությունը իշխանության նկատմամբ։
ՊԵԿ-ից այսօր փորձեցինք պարզել՝ քանի՞ հոգի է իր եկամուտները հայտարարագրել։ Հարցին կպատասխանեն գրավոր հարցման դեպքում։ Ֆինասների նախարարությունից էլ օրվա ընթացքում մեր հարցերին չպատասխանեցին: