Աբովյանցի ձեռներեցներից մեկն այսօր կառավարության շենքի մոտ էր բերել չվաճառված սեզոնային հագուստի մի մասը՝ ի նշան բողոքի: Ցանկանում էր կառավարությանը նվիրել, քանի որ վաճառելն իր համար հարկային փոփոխություններից հետո այլևս ձեռնտու չէ:
Հագուստի տոնավաճառների, ոսկու շուկաների, Գնունու տաղավարների, մայրաքաղաքում ու մարզերում գործող խանութների աշխատողներն այսօր էլ կառավարության շենքի մոտ էին, ու թեև նրանք շատ տարբեր պատճառներ են նշում, թե ինչու են հարկային փոփոխություններից դժգոհ, սակայն մեկ միասնական պահանջ ունեն՝ կասեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքում փոփոխությունները:
Հարկային օրենսգրքի այդ փոփոխություններով ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած առևտրականների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար, հակառակը, 1.5 տոկոսից իջնում է 1 տոկոսի: Բացի այդ, դրվում է ապրանքը գույքագրելու պահանջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում, հիմնավորելով փոփոխությունները, հայտարարեց, որ վիճակագրական տվյալներ ունեն՝ շրջանառության հարկ վճարողների 60 տոկոսից ավելին միայն 10 միլիոնի շրջանառություն է ցույց տալիս, իսկ սա նշանակում է օրական միայն 27000 դրամի առևտուր, ինչը իրատեսական չէ:
Բողոքողներն այսօր ասում էին՝ թող կառավարության ներկայացուցիչները 1 օր իրենց կողքին առևտուր անեն և հաշվեն՝ օնլայն հարթակների պատճառով իրենց առևտուրը կտրուկ նվազել է:
Ավելի ուշ նրանց մի խմբին ընդունեցին ֆինանսների փոխնախարարն ու ՊԵԿ փոխնախագահը: Գործադիրի հետ հանդիպած տնտեսվարողների խոսքով՝ պաշտոնյաներն իրենց փաստարկները դարձյալ համոզիչ չեն համարել:
Շարունակելու են արդյոք պայքարը, թե ոչ, բողոքող ձեռներեցներն ասում են՝ դեռ պետք է քննարկեն անելիքները:
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.