Մատչելիության հղումներ

Պատրաստ ենք գնալ բոլոր փաստաթուղթ չտվողների հետևից. Փաշինյան   


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ շրջանառության հարկի բարձրացմանը և դրան հաջորդած դժգոհություններին:

Փաշինյանն ասաց, թե ըստ վիճակագրության՝ շրջանառության հարկ վճարողների 61.7 տոկոսը ցույց է տալիս մինչև 10 միլիոնի շրջանառություն, այսինքն՝ ստացվում է, որ օրը 27 հազար դրամի առևտուր են անում: Նշելով, որ ինքը տնտեսագետ չէ, հավելեց, որ երբ գործընկերներով հաշվարկում են, ստացվում է, որ այդ բիզնեսները տնտեսագիտական հաշվարկով իրականում պետք է գոյություն չունենային։

«Ինչքանո՞վ է սա ճիշտ... 1, 2, 3, 4, 5 տարի խնդրում ենք, ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, մենք հեղափոխություն ենք արել, որ նաև բոլորս մեր հարկային պարտավորություններն իրականացնենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամեն դեպքում, նշեց, եթե տեսնեն, որ իրենց հաշվարկները սխալ են, չեն զլանա իրենց սխալն ընդունել։

Հունվարի 1-ից շրջանառության 5 տոկոս հարկը դարձել է 10 տոկոս բոլոր նրանց համար, ովքեր ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացնի, իսկ պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը կկազմի շրջանառության միայն մեկ տոկոսը: Բացի այս, օրենքը դրել է նաև եղած ապրանքը գույքագրելու պահանջ:

Առևտրականներ, որ մի քանի անգամ ակցիա են արել կառավարության շենքի դիմաց, ասում են՝ թղթի վրա վատ չի հնչում, բայց իրականությունը լրիվ այլ է: Ըստ նրանց՝ գործադիրը հաշվի չի առել շատ հանգամանքներ. մարզում գործող խանութն, օրինակ, ցանկության դեպքում էլ ձեռքբերման փաստաթղթեր չի կարող ներկայացնել, իսկ հարկային բեռը կրկնապատկելը շատ ծանր կլինի իրենց համար:

Ինչ վերաբերում է դժգոհությանը, որ մեծ բիզնեսները փաստաթուղթ չեն տրամադրում, վարչապետն Ազգային ժողովում ասաց, որ իրենք ուզում են նաև իմանալ, թե ովքեր են այդ փաստաթուղթ չտրամադրողները։

«Մենք պատրաստ ենք գնալ բոլոր փաստաթուղթ չտվողների հետևից», - հայտարարեց նա:

XS
SM
MD
LG