Կառավարությունը ժամանակավոր հետքայլ կանի առևտրով զբաղվողների շրջանառության հարկի բարձրացման հարցում. այս տարվա առաջին կեսին 5 տոկոսից ավելի վճարվելիք հարկը հետ կվերադարձնեն բիզնեսներին:
«Շրջանառության հարկ վճարողները կարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները, և շրջանառության հարկ վճարողները 25 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա փաստաթղթերով հիմնավորված ապրանքային մնացորդի մասով հարկից լրացուցիչ նվազեցում կատարելու հնարավորություն ստանան», - Կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Դեռ անցյալ տարի շրջանառության հարկը բարձրացնելու որոշում կայացնելուց հետո, այսօր ֆինանսների նախարարը հայտարարեց՝ բազմաթիվ քննարկումների արդյունքում եկան այս եզրահանգմանը, ձեռք են մեկնում շրջանառության հարկ վճարողներին:
Հունվարի 1-ին հարկի բարձրացումից հետո Կառավարության շենքի առջև բողոքի ակցիաներ եղան առևտրով զբաղվողների, փոքր ու միջին ձեռնարկատերերի մասնակցությամբ:
«Կաբինետային այս օրենքները, որ, իմ կարծիքով, ստեղծվում են կաբինետներում, մարդկանց հրահրում են հատկապես սպեցիֆիկ ոսկու բնագավառում զանազան խարդախությունների», - ասում էին ակցիաների մասնակիցները:
«Շրջանառության 5 տոկոսը մեծ թիվ է, ոսկու գինը որ տեսնեք ինչքան է աճել», - ընդգծում էին նրանք:
Այնուամենայնիվ, Կառավարությունը ոչ թե այս տարվա առաջին վեց ամիսների հարկը պահպանում է 5 տոկոսի շրջանակում, այլ ասում է՝ վճարեք փոփոխված օրենքով, բայց որքան ավելի եք վճարել 5 տոկոսից, այդ գումարը դիմելու դեպքում ձեզ կվերադարձնենք:
«Բայց էլի, մեր սիրելի քաղաքացիների, մեր սիրելի տնտեսվարողների կարծիքները, մտահոգությունները, նեղվածությունները հաշվի առնելով՝ մենք, ըստ էության, վեցամսյա անցումային շրջան ենք նախատեսում, այսինքն՝ մինչև հուլիսի 1-ը ներառյալ անցումային շրջան ենք նախատեսում», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմին compensation@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնի նախագծով սահմանվող ձևին համապատասխան դիմում», - նշեց ֆինանսների նախարարը:
Մինչ առևտրով զբաղվողները կհավաքեն Կառավարության պահանջած փաստաթղթերը և նամակ կգրեն compensation@taxservice.am հասցեին, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» ղեկավար Հակոբ Ավագյանն ասում է՝ սա ժամանակավոր լուծում է, թեև, մյուս կողմից, դրական է համարում, որ Կառավարությունն ընդունել է հետքայլի անհրաժեշտությունը:
«Կարծես թե ասում են՝ լավ, մենք հասկացել ենք, որ բարձր դրույքաչափերի անցումային դրույթները լավ չէինք մտածել, եկեք դուք վճարեք էդ հարկերը, մենք տարբերությունը ձեզ հետ կտանք: Սա ես ասում եմ պարզ լեզվով, բայց էդ ամեն ինչին հասելու համար ևս էլի խճճվել է: Ես նորից ու նորից կրկնում եմ՝ սրա խնդիրն էն է, որ մենք մեր երկրում խախտել ենք շրջանառության հարկի գաղափարախոսությունը, որի հիմնական հիմքը դրված է՝ շրջանառություն անգամ տոկոս, առանց լրացուցիչ բարդ կարգավորումների», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ավագյանը:
Գործադիրի նիստին հիմնավորեցին, որ այս անցումային վեց ամիսը թույլ կտա առևտրող զբաղվողներին առաջիկայում ձեռք բերվելիք ապրանքները փաստաթղթավորել՝ 10 տոկոսոի փոխարեն ավելի ցածր հարկային դաշտում աշխատելու համար, բայց Ավագյանի խոսքով՝ սա իրենց մատնանշած խնդիրներից միայն մեկն է, մնացածը մնում են չլուծված:
«Մեր կողմից ներկայացված խնդիրների ընդամենը մեկն է, մյուս խնդիրներին անդրադարձ չի եղել: Բայց հիմա փորձում են լուծել մի հատ լուծումը, ընդ որում, լուծում են, էլի եմ կրկնում, ավելի խճճելով ամեն ինչը», - նշեց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախագահը՝ շարունակելով. - «Մենք ասել էինք շատ պարզ բան՝ հետաձգեք սա, նստենք՝ ֆոկուս խմբերով, ըստ խմբերի, ըստ ոլորտների, նստենք, խորքային մտածենք, մենք էլ ձեզ օգնենք, լավ լուծում գտնեք, բայց մի խախտեք շրջանառության հարկի գաղափարախոսությունը»:
Փորձագետի կարծիքով՝ բարդ է և՛ հարկի վերադարձի մասին այսօր ընդունված կարգավորումը, և՛ առհասարակ հունվարի 1-ից հետո գործող շրջանառության հարկի փոփոխությունը, ընդհանուր առմամբ ստացվել է մի իրավիճակ, որ մի փոքրիկ խանութում, օրինակ, որևէ շինարարական ապրանք վաճառող մարդը պետք է խանութի հետևում մի ավելի մեծ սեղան ունենա փաստաթղթերի ու հաշվապահության համար:
«Իսկ աշխարհը էսօր գնում է պարզ մոդելով՝ հնարավորինս քիչ ռեսուրս ծախսել հարկեր հաշվարկելու և պետության հետ հարաբերվելու համար», - ընդգծեց Հակոբ Ավագյանը: