Հարյուրավոր տնտեսվարողներ այսօր շարունակում են բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով օրենքի վերանայում, շրջանառության հարկի նվազեցում։
Նրանք նշում են, որ հակառակ դեպքում բիզնեսներ կփակվեն, իրենք էլ գործազուրկների շարքերը կհամալրեն։
Տնտեսվարողները մտադիր են ակցիան շարունակել նաև Ազգային ժողովի շենքի մոտ։
Հունվարի 1-ից ուժի մեջ էին մտել Հարկային օրենսգրքում փոփոխությունները: Ըստ այդմ, ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած առևտրականների համար կրկնապատկվում էր շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար, հակառակը, 1,5 տոկոսից իջնում էր 1 տոկոսի: Բացի այդ, դրվում էր ապրանքը գույքագրելու պահանջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ վիճակագրական տվյալներ ունեն՝ շրջանառության հարկ վճարողների 60 տոկոսից ավելին միայն 10 միլիոնի շրջանառություն է ցույց տալիս, իսկ սա նշանակում է օրական միայն 27 հազար դրամի առևտուր, ինչը իրատեսական չէ:
Փաշինյանն ասաց, որ պատրաստ են գնալ բոլոր փաստաթուղթ չտվողների հետևից։
Փետրվարիի վերջին, սակայն, կառավարությունը ժամանակավոր հետքայլ արեց շրջանառության հարկի բարձրացման հարցում։ Փետրվարի 27-ին կառավարության նիստի ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս տարվա առաջին կեսին 5 տոկոսից ավելի վճարվելիք հարկը հետ կվերադարձնեն բիզնեսներին:
«Շրջանառության հարկ վճարողները կկարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները, և շրջանառության հարկ վճարողները 25 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա փաստաթղթերով հիմնավորված ապրանքային մնացորդի մասով հարկից լրացուցիչ նվազեցում կատարելու հնարավորություն կստանան», - հայտարարեց Հովհաննիսյանը:
Ցուցարարներն ասում են, որ այս որոշումը խաբեություն է, բարեփոխում չէ, և օրենքի ամբողջական փոփոխություն են պահանջում։