Մատչելիության հղումներ

Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են հանձնարարել սկսել հանդիպման նախապատրաստությունը. Պեսկով

Լրացված

Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը, այսօր հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պոսկովը:

«Պետությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն շփումները, կկենտրոնանան առանձին հանդիպման վրա, ինչպես նաև պայմանավորվեցին, որ օգնականներին անհապաղ հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը», - նշել է Պեսկովը:

Երեկ Միացյալ Նահանգների նախագահը իր ռուս և ուկրաինացի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներից հետո հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել, որպեսզի վերջ դնեն Ուկրաինայում ընթացող պատերազմին:

«Կարծում եմ՝ մենք խաղաղություն ձեռք բերելու ճանապարհին ենք: Կարծում եմ՝ նախագահ Պուտինը խաղաղություն է ցանկանում, նախագահ Զելենսկին ևս խաղաղություն է ցանկանում։ Ես նույնպես խաղաղություն եմ ուզում: Պարզապես ցանկանում եմ, որ վերջ դրվի մարդկանց սպանդին: Մարդիկ իրականում չգիտեին, թե ինչ է մտածում նախագահ Պուտինը։ Բայց կարող եմ մեծ վստահությամբ ասել, որ նա ևս ցանկանում է, որ դա ավարտվի: Եվ դա լավ է», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է՝ ամեն ինչ կանեն, որ պատերազմն ավարտվի և հնարավորինս շուտ, բայց կոնկրետ ժամկետներ ու ուղիներ չնշեց: Ըստ նրա՝ Պուտինի հետ հիմնականում հեռախոսազրույցներով կշփվեն, իսկ առաջին հանդիպումը հավանաբար տեղի կունենա Սաուդյան Արաբիայում:

«Մենք, ի վերջո, ակնկալում ենք հանդիպել: Փաստացի, ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, ես կգնամ այնտեղ: Առաջին անգամ, հավանաբար, կհանդիպենք Սաուդյան Արաբիայում, որպեսզի հասկանանք, թե արդյոք կարող ենք ինչ-որ բան անել: Բայց ուզում ենք վերջ տալ այս պատերազմին։ Այս պատերազմը աղետ է։ Իսկապես արյունալի, սարսափելի պատերազմ է», - ընդգծել է նա:

Չնայած Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո երեկվա լավատեսական տրամադրություններին՝ Զելենսկին այսօր հայտարարել է, որ Ուկրաինան չի համաձայնի երկկողմ համաձայնությունների, որոնք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք կբերվեն առանց Կիևի մասնակցության։ Նա Եվրոպային կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապա հավելել, թե կարևոր է, որ ամեն ինչ չընթանա Պուտինի պլանի համաձայն, որը ցանկանում է ամեն ինչ անել, որպեսզի բանակցություններն ընթանան միայն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև:

Եվրոպական երկրները հայտարարում են՝ իրենք ևս պետք է մասնակցեն Ուկրաինայի հարցով բանակցություններին

Այսօր ավելի վաղ եվրոպական յոթ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովը հայտարարել են, որ իրենք ևս պետք է մասնակցեն ուկրաինական պատերազմն ավարտելու շուրջ ապագա բանակցություններին:

«Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այն, որ Ուկրաինան կարողանա ուժի դիրքերից խոսել: Ուկրաինան և Եվրոպան պետք է լինեն ցանկացած բանակցությունների մաս: Ուկրաինան պետք է ապահովվի անվտանգության երաշխիքներով: Ուկրաինայում արդար և տևական խաղաղությունը կայուն անդրատլանտյան անվտանգության նախապայմանն է», - նշված է հայտարարությունում:

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այսօր իր հերթին հայտարարեց, որ Եվրոպան կաջակցի Ուկրաինային, եթե այն դեմ լինի ԱՄՆ-ի բանակցած խաղաղության համաձայնագրին: Եվրոպայի թիկունքում ցանկացած գործարք չի աշխատի, քանզի ցանկացած համաձայնագրի շուրջ բանակցություններին պետք է մասնակցեն թե՛ Ուկրաինան, թե՛ Եվրոպան, ասաց եվրոպացի պաշտոնյան:

«Առանց մեզ բանակցությունների սեղանի շուրջ կարող եք պայմանավորվել ինչի շուրջ որ ցանկանաք, սակայն դա պարզապես կձախողվի, քանզի դրա իրականացումը հնարավոր չէ: Ցանկացած արագ լուծում կեղտոտ գործարք է, ինչպես տեսել ենք նախկինում [...], և այն պարզապես չի աշխատի [...]: Եթե Ուկրաինան որոշի դիմադրել, Եվրոպան կաջակցի Ուկրաինային», - հայտարարեց Կալլասը:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Մերեժկոն «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանն ասել է, թե միայն այն, որ Թրամփը նախ խոսել է Պուտինի հետ, արդեն Ուկրաինայի օգտին չէ: Ըստ նրա՝ ճիշտ կլիներ, եթե սկզբում խոսեր Զելենսկու հետ:

«Դա տրամաբանական կլիներ, քանի որ Ուկրաինան է ագրեսիայի զոհը։ Վստահ եմ, որ Ուկրաինայի նախագահի հետ խոսելուց հետո Կրեմլի բռնապետի հետ զրույցն այլ կերպ կլիներ։ Եվ այստեղ հարկ է նշել, որ, ցավոք, միայն այս խոսակցության փաստը ձեռնտու չէ Ուկրաինային», - ընդգծել է Մերեժկոն:

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն այսօր հերքել է պնդումները, թե Վաշինգտոնը դավաճանում է Ուկրաինային՝ նշելով, որ Միացյալ Նահանգները մնում է Կիևի ամենամեծ ֆինանսական աջակիցը և առայսօր 300 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինայում առաջնագծի կայունացման համար: Նրա խոսքով՝ ողջ աշխարհը, ներառյալ Միացյալ Նահանգները, շահագրգռված է, որ խաղաղություն հաստատվի:

ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկացնում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն առաջիկայում Գերմանիայում կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, ապա կայցելի ՆԱՏՕ-ի ու ԵՄ կենտրոնակայան, որտեղ կհանդիպի դաշնակիցների ու գործընկերների հետ ողջ Եվրոպայից, որոնք պատրաստ են աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ վերջ դնելու Ուկրաինայում հակամարտությանը և վերականգնելու կայունությունը Եվրոպայում։

Ի դեպ, նույն ճեպազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփը, պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հարցին, ասել է, որ դա ռեալ չի համարում: Նաև նշել է, որ Ռուսաստանը երկար ժամանակ է ասում է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչը ԱՄՆ նախագահը նորմալ է համարում:

XS
SM
MD
LG