Միացյալ Նահանգների նախագահը Սպիտակ տանը հյուրընկալել է ռուսական բանտից ազատ արձակված Մարկ Ֆոգելին, որը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից է և 2022 թվականին 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել մարիխուանա պահելու մեղադրանքով:
Ժամեր անց արդեն հայտնի դարձավ, որ Ֆոգելի դիմաց Ռուսաստանի մեկ քաղաքացի է ազատ արձակվել ամերիկյան բանտից, նրա անունը չի հրապարակվում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացին մոտ օրերս կվերադառնա հայրենիք, և այդ ժամանակ Մոսկվան կհրապարակի նրա անունը։
Դոնալդ Թրամփը իր հերթին հայտնել էր, որ Ռուսաստանն այսօր կազատի Միացյալ Նահանգների ևս մեկ քաղաքացու, թեև չի նշել՝ ում: Նաև նշել էր՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով ռուս - ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին ռուսական բանտում երեքուկես տարի գտնվելուց հետո Ֆոգելի վերադարձը վկայում է, որ Ռուսաստանը բարի կամք է դրսևորում Միացյալ Նահանգների նկատմամբ:
«Կարծում եմ՝ սա կարող է շատ կարևոր տարր լինել … Փաստացի կարող է Ուկրաինայի հետ պատերազմն ավարտելու մեծ ու կարևոր մասը լինել: Եվ մենք գնահատում ենք այն, ինչ արեց նախագահ Պուտինը ... Նա կարողացավ դա անել Ձեզ համար», - հայտարարել է Թրամփը:
Մարկ Ֆոգելն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել երկու երկրների ղեկավարներին և ասել, որ իրեն աշխարհի ամենահաջողակ մարդն է համարում:
«Ուզում եմ իմանաք, որ առհասարակ հերոսը ես չեմ այս հարցում: Նախագահ Թրամփն է հերոսը: Հերոսներ են այն մարդիկ, որոնք վերադարձել են դիվանագիտական ծառայությունից: Նաև պետք է նշեմ, որ նախագահ Պուտինը շատ առատաձեռն է գտնվել և պետական գործչին վայել է վարվել՝ ինձ ներում շնորհելով», - հայտարարել է Ֆոգելը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Ֆոգելն ազատ է արձակվել փոխանակման գործարքի շրջանակում, իսկ Մոսկվայից Միացյալ Նահանգներ նրան բերել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
«Նախագահ Թրամփը, Սթիվ Ուիթքոֆը և նախագահի խորհրդականները բանակցել են մի փոխանակման շուրջ, որը ռուսների կողմից բարի կամքի դրսևորում է և վկայում է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ՝ դադարեցնելու Ուկրաինայում ընթացող դաժան և սարսափելի պատերազմը», - ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, թե դա կարող է օգնել վերջ տալու Ուկրաինայում պատերազմին, Պեսկովն ասել է, որ դա դժվար թե շրջադարձային պահ լինի, սակայն հավելել է, որ դատապարտյալների ազատ արձակումը քայլ է՝ աստիճանաբար մեծացնելու փոխադարձ վստահությունը, որն այժմ գտնվում է ցածր մակարդակում:
Հայրենիք վերադարձած Ֆոգելը, որ նախկինում նաև ուսուցիչ է աշխատել, ձերբակալվել էր 2021 թվականին Մոսկվա ժամանելուն պես: Ռուս մաքսավորները նրա ուղեբեռում մարիխուանա և հաշիշի յուղ էին հայտնաբերել: Ֆոգելին մեղադրել էին, որ փորձել է դիվանագիտական կարգավիճակն օգտագործել Ռուսաստան թմրանյութ մատակարարելու համար, որը մտադիր է եղել սպառել դպրոցում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր: Սակայն նա չի ընդունել մեղադրանքները՝ պնդելով, որ իրենից առգրավվածը բժշկական մարիխուանա է, որը նշանակվել է վիրահատությունից հետո: Նաև ասել է, թե տեղյակ չի եղել, որ դրա օգտագործումն արգելված է Ռուսաստանում:
Ֆոգելի ընտանիքը ևս հայտարարություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նրա ազատ արձակման գործում:
«Մենք չափազանց երախտապարտ ենք, թեթևացած և հուզված, որ ավելի քան երեք տարի գերության մեջ մնալուց հետո մեր հայրը, ամուսինը և որդին՝ Մարկ Ֆոգելը վերջապես տուն է վերադառնում», - ասված է հայտարարությունում:
Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը վերջին անգամ դատապարտյալների փոխանակում իրականացրել էին 2024 թվականի օգոստոսի 1-ին, որը «սառը պատերազմից» հետո ամենազանգվածայինն էր. դրա շրջանակում ազատ արձակվեց 26 մարդ: Վեցամսյա բանակցություններից հետո ԱՄՆ-ը, Գերմանիան, Լեհաստանը, Սլովենիան և Նորվեգիան միասին ազատ արձակեցին 8, իսկ Ռուսաստանն ու Բելառուսը՝ 16 դատապարտյալի: Նրանց մեջ էր նաև ԱՄՆ երեք քաղաքացի, այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևան: Փոխանակումը տեղի էր ունեցել Անկարայի օդանավակայանում: