ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ:
Թրամփն ընդգծել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են «բանակցություններ» սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և «շատ սերտորեն կաշխատեն միասին», հայտնում է AP-ն։
Թրամփն ասել է, որ այս հարցով կխոսի նաև Ուկրաինայի նախագահի հետ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ զրույցը տևել է մոտ մեկուկես ժամ, և Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։
Truth սոցիալական ցանցում ԱՄՆ առաջնորդը մանրամասներ է հայտնել զրույցից. «Մեզնից յուրաքանչյուրը խոսեց մեր երկրների ուժեղ կողմերի և այն մեծ օգուտի մասին, որ մի օր կունենանք միասին աշխատելու շնորհիվ: Բայց նախ, ինչպես երկուսս էլ համաձայնեցինք, մենք ցանկանում ենք վերջ դնել միլիոնավոր մահերին, որ տեղի են ունենում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով: Նախագահ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի շատ ուժեղ կարգախոսը՝ «ողջախոհություն»»:
Թրամփի խոսքով՝ երկու գերտերությունների առաջնորդները պայմանավորվել են աշխատել, ներառյալ միմյանց երկրներ այցելելը: Բացի այդ, ինքն ու Պուտինը, ըստ ԱՄՆ նախագահի գրառման, որոշել են, որ համապատասխան թիմերն անհապաղ սկսեն բանակցությունները. «Եվ մենք կսկսենք՝ զանգահարելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնենք նրան զրույցի մասին, մի բան, որը ես կանեմ հենց հիմա»։
Նա հայտնել է՝ խնդրել է պետքարտուղարին, ԿՀՎ-ի տնօրենին, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին և դեսպան ու հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆին ղեկավարել բանակցությունները, որոնք, իր խորին համոզմամբ, «հաջողությամբ կպսակվեն»:
«Միլիոնավոր մարդիկ են զոհվել այս պատերազմում, որը տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահ, բայց դա տեղի է ունեցել, ուստի այն պետք է ավարտվի: Այլևս կյանքեր չպետք է կորսվեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Պուտինին այս հեռախոսազրույցի համար իր տրամադրած ժամանակի և գործադրած ջանքերի համար … Ես հավատում եմ, որ այս ջանքերը կհանգեցնեն հաջող ավարտի, հուսով եմ՝ շուտով», -հայտարարել է նա:
Դոնալդ Թրամփը նախօրեին ասել էր, որ Ուկրաինայի հարցով Վաշինգտոնի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն այս շաբաթ մեկնելու է Կիև։
Ուկրաինայի նախագահի խոսքով էլ՝ ամերիկյան կողմի հետ ակտիվ բանակցությունները կմեկնարկեն արդեն առաջիկա օրերին։