ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն իրատեսական չէ։ Առաջին անգամ ժամանելով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ Պենտագոնի նոր ղեկավարը նաև առաջարկել է, թե Կիևն ու դաշնակիցները պետք է հրաժարվեն Ուկրաինայի նախկին՝ 2014 թվականի սահմաններին վերադառնալու հույսերից և պատրաստվեն Ռուսաստանի հետ բանակցությունների, որոնք կանցնեն միջազգային զորքերի աջակցությամբ։
«Ինչպես դուք, այնպես էլ մենք ցանկանում ենք ինքնիշխան ու բարգավաճ Ուկրաինա։ Բայց, մենք պետք է ընդունենք, որ Ուկրաինայի վերադարձը 2014 թվականի սահմաններին անիրատեսական է։ Այս պատրանքային նպատակին հետապնելը միայն կերգարաձգի պատերազմն ու առավել շատ տառապանքներ կբերի», - ասել է Հեգսեթը, - «Քանի որ մոտենում է պատերազմի երրորդ տարելիցը, մեր ուղերձը հստակ է՝ արյունահեղությունը պետք է դադարեցվի, և այս պատերազմը պետք է ավարտվի»:
Դիմելով դաշնակիցներին, որոնք մտադիր էին լսել՝ ինչ քաղաքականություն է բանեցնելու Թրամփի վարչակազմը ուկրաինական պատերազմի ու Հյուսիսատլանտյան դաշինքի հարցում, Հեգսեթը պնդեց՝ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հասնել նրան, որ Եվրոպան ստանձնի Ուկրաինայի պաշտպանության համար ֆինանսական և ռազմական պատասխանատվության մեծ մասը։
Պենտագոնի ղեկավարը հստակեցրել է՝ Եվրոպան պետք է նաև հանձն առնի խաղաղապահ ուժերի տեղակայումը Ուկրաինայում, քանի որ «Ուկրաինայում ամերիկյան զորք չի տեղակայվելու»։
«Կիևին տրվող որևէ անվտանգային երաշխիք չի կարող ներառել ամերիկյան զորքերի տեղակայում Ուկրաինայի տարածքում»,- նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Հեգսեթը միաժամանակ ընդգծել է, որ հնարավոր այդ խաղաղապահ առաքելության վրա չպետք է տարածվի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ խաղաղապահների ու ռուսների միջև բախումների դեպքում Նահանգները կամ ՆԱՏՕ-ի որևէ անդամ պարտավորված չի լինի օգնության գալ։
Ելույթը հնչել է Ուկրաինայի պաշտպանության խմբի հավաքի ժամանակ։ 2022-ից՝ Ռուսաստանի պատերազմից ի վեր, այս խմբի անդամ 50 պետությունները միասին Ուկրաինային տրամադրել են ավելի քան 126 միլիարդ դոլարի զենք և ռազմական օգնություն։ Այդ օգնության մոտ կեսը՝ ավելի քան 66,5 միլիարդ դոլարը տրամադրել է Միացյալ Նահանգները, որը խմբի նախագահն է ստեղծման օրվանից: