Մատչելիության հղումներ

Բաքուն հերքում է հայերի նկատմամբ հոգեներգործուն միջոցներ կիրառելու Փաշինյանի հայտարարությունը


Ադրբեջանն «անհիմն ու անհեթեթ» է որակել Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարությունները, թե հայկական կողմի հետախուզական տեղեկություններով՝ Բաքվում պահվող հայերի նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառվում, որ տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզեն:

Ադրբեջանական ԱՊԱ-ին երկրի արտաքին գործերի նախարարությունից փոխանցել են, որ «մեղադրյալների բոլոր իրավունքներն ու պարտականությունները պատշաճ կերպով ապահովված են»: Պաշտոնական Բաքուն պնդել է, թե ամբողջ դատական գործընթացը և նրանց ցուցմունքները գրանցված են:

Երեկ տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ:

«Այդ մարդկանցից հոգեներգործուն արգելված միջոցներով շատ հնարավոր է, որ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ ամենատարբեր ձևերով օգտագործեն Հայաստանի Հանրապետության դեմ», - նշեց նա:

Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը մեկնարկել է հունվարի 17-ին: Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում: Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները: Նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Իրավապաշտպանները շեշտում են՝ այս գործերը շինծու են, հայ ռազմագերները զրկված են պաշտպանության իրավունքից:

XS
SM
MD
LG