Այսօրվանից ուժի մեջ են մտել 60 երկրի նկատմամբ ԱՄՆ նախագահի սահմանած աննախադեպ մաքսատուրքերը՝ էլ ավելի սաստկացնելով Դոնալդ Թրամփի հայտարարած գլոբալ առևտրային պատերազմը և կրկին ցնցելով ֆինանսական շուկաները: Ասիական, եվրոպական շուկաների ինդեքսներն այսօր դարձյալ անկում են գրանցել, մինչդեռ Չինաստանի ֆոնդային շուկան աճել է կառավարության ենթադրյալ միջամտության արդյունքում:
Ամենաբարձր մաքսատուրքն ԱՄՆ-ն սահմանել է հենց աշխարհի ամենամեծ արտահանողի՝ Չինաստանի նկատմամբ՝ ընդհանուր 104 տոկոս, այն բանից հետո, երբ Պեկինը հրաժարվեց վերացնել իր պատասխան մաքսատուրքերը և հասկացրեց, որ կպայքարի մինչև վերջ: Չինաստանն ԱՄՆ-ին կոչ էր արել չեղարկել մաքսատուրքերը և բանակցել։ Սակայն Թրամփը հայտարարել է՝ չի պատրաստվում, ապա հավելել, որ Չինաստանը իրականում ցանկանում է գործարք կնքել, պարզապես չգիտի, թե ինչպես:
«Քանի դեռ նրանք մեզ հետ գործարք չեն կնքել, այսպես է լինելու... Կարծում եմ՝ նրանք ինչ-որ պահի գործարք կկնքեն, Չինաստանը կանի դա: Նրանք ցանկանում են գործարք կնքել, պարզապես չգիտեն, թե ինչպես սկսել, քանի որ հպարտ մարդիկ են», - նշել է Թրամփը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն այսօր ԱՄՆ-ին մեղադրել է Չինաստանին սպառնալու մեջ և կոչ արել խնդիրը երկխոսության միջոցով լուծել։ Չինաստանի կառավարությունն իր հերթին հայտարարել է՝ մաքսատուրքերի միջոցով ԱՄՆ-ն չի լուծի իր առևտրային դեֆիցիտի խնդիրը: Նաև նշվում է, որ Չինաստանը պատրաստ է վերացնել տարաձայնությունները:
«Մաքսատուրքերը լրջորեն վնասում են համաշխարհային առևտրի կարգը և համաշխարհային արդյունաբերական ու մատակարարման շղթաների անվտանգությունն ու կայունությունը», - ասված է հայտարարությունում:
ԱՄՆ-ն 25 տոկոսի մաքսատուրք էր սահմանել նաև ԵՄ-ից ներկրվող պողպատի և ալյումինի նկատմամբ, և հիմա ԵՄ-ն պատրաստվում է պատասխան մաքսատուրքեր սահմանել ամերիկյան մի շարք ապրանքների նկատմամբ: Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն երեք փուլով՝ հաջորդ շաբաթվանից սկսած: Շարքային քաղաքացիներն իրենց հերթին դժգոհ են այս իրավիճակից:
Գերմանիայի Քյոլն քաղաքի բնակիչ Ալֆրեդ Վալատն ասում է, որ ԱՄՆ-ին պետք է արհամարհել, քանզի աշխարհն ԱՄՆ-ով չի սահմանափակվում. - «Ամերիկան իր 340-400 միլիոն բնակիչ ունի ընդամենը, կներեք։ Չինաստանն ունի 1,2 միլիարդ բնակչություն, մի փոքր ավելի ունի Հնդկաստան։ Ընդհանուր ստացվում է 2,4 միլիարդ մարդ է, ուրեմն մեր ինչի՞ն է պետք ԱՄՆ-ն»:
Մարիան Շուերմանն էլ ասում է, որ ստեղծված իրավիճակին պետք է արձագանքել միայն ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքերով. - «Այսքանը պետք է ասեմ: Ուղղակի անհավատալի է, թե ինչ է անում այս մարդը բոլորիս, ողջ աշխարհի հետ»:
Վերջին օրերին համաշխարհային բորսաներում արժեթղթերի արժեզրկման պատճառով մի քանի տրիլիոն դոլար է փոշիացել: Ըստ Forbes-ի՝ նոր մաքսատուրքեր սահմանելուց հետո Թրամփն ինքն է կես միլիարդ դոլար կորցրել:
ԱՄՆ նախագահն այս մաքսատուրքերով ցանկանում է նվազեցնել ապրանքների ներհոսքը և կանխել աշխատատեղերի արտահոսքը այլ երկրներ՝ ամերիկյան արտադրությունն աշխուժացնելու համար: Սակայն, ըստ տնտեսագետների, այս քաղաքականությունը մեծացնում է ռեցեսիայի վտանգն ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: