Ապրիլի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց մաքսատուրքերի բարձրացման մասին՝ հասցնելով դրանք վերջին ավելի քան մեկ դարում ամենաբարձր մակարդակին։ Այս հայտարարությունը տապալեց արժեթղթերի շուկաները՝ ցնցում առաջացնելով համաշխարհային տնտեսության մեջ:
«Սա աննախադեպ է վերջին մեկ դարում՝ մաքսատուրքերի մասշտաբով, տուժած երկրների քանակով և սահմանված տուրքերի մակարդակով»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Ամերիկյան նոր անվտանգության կենտրոն» հետազոտական հաստատության ավագ գիտաշխատող Էմիլի Քիլքրիսը,- «Կարծում եմ՝ մենք կտեսնենք ցնցումներ, որոնք հնարավոր չէ լիովին կանխատեսել, քանի որ գլոբալացման դարաշրջանում երբևէ մաքսատուրքերի նման բարձր մակարդակ չի եղել»։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցած տնտեսագետների՝ Վաշինգտոնի այդ քայլը և դրա հետևանքները կարող են հատկապես ծանր հարվածել Եվրամիությանը: ԵՄ ապրանքների վրա 20 տոկոսանոց մաքսատուրքի ուղղակի ազդեցությունը մտավախություն է առաջացրել հնարավոր գնաճի և 27 երկրներից բաղկացած դաշինքի տնտեսական հեռանկարների վերաբերյալ, քանի որ եվրոպական արտադրողներն արդեն իսկ ծանր վիճակում են՝ մեքենաների և պողպատի համար սահմանված ամերիկյան մաքսատուրքերի պատճառով: Փորձագետներն ասում են, որ կարող են տուժել նաև այլ կարևոր ոլորտներ, ինչպիսիք են Եվրոպայի դեղագործական արդյունաբերությունը, որը մեծ ծավալի արտադրանք է արտահանում ամերիկյան շուկա։
«Մրցունակ մնալու համար նրանք կարող են մի փոքր իջեցնել գները, բայց շատ հավանական է, որ Միացյալ Նահանգներում եվրոպական ապրանքների պահանջարկը նվազի, ինչը կհանգեցնի Եվրոպայում տնտեսական իրավիճակի վատթարացմանը»,-«Ազատությանն» ասել է առևտրային հետազոտական Kpler ընկերության ավագ տնտեսագետ Ռիդ լ'Անսոնը:
Որքա՞ն ուժեղ Թրամփի մաքսատուրքերը կհարվածեն Եվրոպային
Մաքսատուրքն, ըստ էության, ներմուծողի կողմից վճարվող հարկ է, որը սովորաբար ծանրանում է մատակարարների, մեծածախ վաճառողների, մանրածախ վաճառողների և, ի վերջո, սպառողների ուսերին: ԱՄՆ-ի հետ ամենամեծ առևտրային ավելցուկ ունեցող մոտ 60 երկրներ, ներառյալ՝ առանցքային դաշնակիցները, ինչպիսիք են ԵՄ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան, այժմ ստիպված են բազային 10 տոկոս մաքսատուքրից շատ ավելին վճարել։ Տասնյակ այլ երկրների դեպքում սահմանվել են ընդհանուր առմամբ մինչև 50 տոկոս կամ ավելին հասնող մաքսատուրքեր։
Սպիտակ տան Վարդերի այգում իր ելույթի ժամանակ Թրամփն ասաց, որ համընդհանուր 10 տոկոսանոց մաքսատուրքը գրեթե բոլոր երկրների համար ուժի մեջ կմտնի ապրիլի 5-ից, մինչդեռ ավելի բարձր, այսպես կոչված, «փոխադարձ» մաքսատուրքերը կգործեն ապրիլի 9-ից:
Տնտեսագետներն ասում են, որ Թրամփի մաքսային ռեժիմը կթանկացնի ապրանքները ներքին շուկայում, բայց նաև կազդի Եվրոպայի և դեպի ԱՄՆ շուկա արտահանմանը ապավինող այլ տարածաշրջանների արդյունաբերության վրա։
Բրյուսելը և առանձին եվրոպական կառավարություններ դեռ ծանր ու թեթև են անում՝ ինչպես արձագանքել։ Հնարավոր է, որ հետագա բանակցություններ տեղի ունենան, իրական է նաև ամերիկյան ապրանքների վրա պատասխան մաքսատուրքերի հեռանկարը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է՝ ԵՄ-ն «այժմ պատրաստվում է հակաքայլերի՝ պաշտպանելու մեր շահերը և մեր բիզնեսը, եթե բանակցությունները ձախողվեն»:
Եվրոպայի ցանկացած պատասխան քայլ կհանգեցնի եվրոպացի սպառողների համար գների բարձրացմանը, միևնույն ժամանակ՝ նպաստելով ԱՄՆ-ում գնաճի արագացմանը և տնտեսական աճի դանդաղեցմանը, «Ազատություն» ռադիոկայանին ասել է Արտաքին հարաբերությունների խորհրդի Աշխարհատնտեսական հետազոտությունների Գրինբերգի կենտրոնի տնօրեն Մեթյու Գուդմանը:
«Ամերիկյան նոր անվտանգության կենտրոն» հետազոտական հաստատության ավագ գիտաշխատող Էմիլի Քիլքրիսը, որ նախկինում եղել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի տեղակալ, հավելում է, որ Թրամփի մաքսատուրքերը կարող են ազդել Եվրոպայի վրա, այդ թվում՝ նպաստելով գների աճին և նույնիսկ աշխատատեղերի կորստի պատճառ դառնալ առանցքային ոլորտներում:
«Շատ ավելի դժվար կլինի ապրանք վաճառել ամերիկյան շուկայում 20 տոկոսանոց մաքսատուրքի պայմաններում», - ասում է նա:
Ինչպե՞ս Թրամփի մաքսատուրքերի ազդեցությունը կանդրադառնա աշխարհի վրա
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը կարող են ունենալ նաև գլոբալ հետևանքներ՝ բարձրացնելով մատակարարման գլոբալ շղթաներից կախված հիմնական ապրանքների գները։ Դրանք կարող են նաև անսպասելի կերպով վերակողմնորոշել միջազգային առևտրի հոսքերը:
Ըստ ֆինանսական ծառայությունների Rosenblatt Securities ընկերության կանխատեսումների՝ iPhone-ի գինը, օրինակ, Միացյալ Նահանգներում կարող է աճել 30-ից 40 տոկոսով: Apple-ի ամենաէժան iPhone 16 մոդելը ներկայումս արժե 799 դոլար, սակայն նոր մաքսատուրքերի կիրարկման դեպքում գինը կարող է հասնել մինչև 1142 դոլարի, եթե ընկերությունը որոշի այդ ծախսերը դնել սպառողների ուսերին: Ավելի թանկ iPhone 16 Pro Max մոդելը, որն այժմ վաճառվում է 1599 դոլարով, կարող է հասնել մինչև 2300 դոլարի: Նմանատիպ տոկոսային աճ է կանխատեսվում նաև այլ շուկաների համար:
«Սա կառաջացնի ալիքային էֆեկտներ և կազդի iPhone-ի մեջ մտնող շատ բաների վրա՝ սկսած Թայվանում և Ճապոնիայում արտադրվող, կիսահաղորդիչներից և ապակիներից մինչև Չինաստանում iPhone-ի հավաքումը», - ասում է Գուդմանը՝ հավելելով․ «Ի վերջո, գնի տարբերությունը ստիպված կլինեն սպառողները վճարել, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում»:
Պեկինի հետ Վաշինգտոնի առևտրային պատերազմի սրումը կհանգեցնի նաև գլոբալ հետևանքների, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն կազդեն Եվրոպայի վրա։ Չինաստանը ապրիլի 4-ին հայտարարեց, որ 34 տոկոս լրացուցիչ մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներից ներմուծման համար՝ ի պատասխան Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքի: Վերջին մաքսատուրքից առաջ Թրամփի վարչակազմի արդեն իսկ 20 տոկոսանոց մաքսատուրք էր սահմանել Չինաստանի նկատմամբ։
Թրամփը նաև թիրախ է դարձրել այն երկրները, որոնց միջոցով չինական ընկերությունները զարտուղի ճանապարհով ապրանքներ են հասցնում ամերիկյան շուկա, ներառյալ՝ Վիետնամը, որը կբախվի նոր մաքսատուրքի՝ 46 տոկոսի չափով:
Ինչպես բացատրում է առևտրային հետազոտական Kpler ընկերության ավագ տնտեսագետ Ռիդ լ'Անսոնը, ԱՄՆ-ին բաժին է ընկնում չինական արտահանման մոտ 25 տոկոսը։ Նոր մաքսատուրքերի պայմաններում չինացի արտահանողները ստիպված կլինեն իջեցնել գները, ինչպես նաև այդ ապրանքներն ուղղել այլ շուկաներ:
Սա, իր հերթին, կարող է ակտիվացնել չինական էժան ապրանքների հոսքն ամբողջ աշխարհում։ Բրյուսելն ասում է, որ արդեն իսկ վերահսկում է այս իրավիճակը և պատրաստում հակաքայլեր՝ պաշտպանելու իր արտադրողներին:
«Շատ հավանական է, որ ապրանքների հեղեղ լինի դեպի Եվրոպա, որն իրական տնտեսական խնդիրներ կառաջացնի եվրոպացիների համար», - ասաց Քիլքրիսը:
«Սա կարող է ևս մեկ գործոն դառնալ, որ կազդի նույն ապրանքներ արտադրող եվրոպական ընկերությունների մրցունակության վրա», - հավելեց նա: