Արդեն երկրորդն օրն է՝ ԱՄՆ նախագահի սահմանած աննախադեպ մաքսատուրքերը ցնցել են համաշխարհային ֆինանսական շուկաները: Ամերիկյան, եվրոպական և ասիական բորսաների ինդեքսներն անկում են գրանցում և շարունակում են այս միտումը: Իսկ անորոշությունն ու ապագայի հանդեպ մտահոգություններն է՛լ ավելի քաոտիկ են դարձնում իրավիճակը:
Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ը հռչակեց Ամերիկայի «Ազատագրման օր» և մոտ 60 երկրից ներմուծվող ապրանքների համար 10 տոկոսից մինչև 50% տոկոս մաքսատուրք սահմանեց՝ փաստացի աշխարհին առևտրային պատերազմ հայտարարելով:
Մաքսատուրքերի ենթարկված երկրները տարբեր կերպ են արձագանքում: Մեծ Բրիտանիան փորձում է բանակցել և համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ: Արտգործնախարար Դեյվիդ Լամմին ասել է, որ սեղանին են բոլոր տարբերակները, որպեսզի պաշտպանեն բրիտանացիների շահերը:
«Ափսոսում եմ, ԱՄՆ-ում վերադարձ է արվում պրոտեկցիոնիզմին, մի բան, որ չենք տեսել մոտ մեկ դար ... Մենք քննարկում ենք անցկացնում ԱՄՆ-ի հետ՝ տնտեսական համաձայնության և տնտեսական գործարք կնքելու համար», - հայտարարել է Միացյալ Թագավորության արտգործնախարարը:
Չինաստանը, որից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ն ընդհանուր 54 տոկոս մաքսատուրք է սահմանել (սկզբում 20 տոկոս, իսկ այսօր արդեն 34 տոկոս), իր հերթին 34 տոկոս պատասխան մաքսատուրք է սահմանել ամերիկյան ապրանքների համար: Չինաստանը նաև հայցադիմում է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ պահանջելով վերացնել մաքսատուրքերը, քանզի դրանք «լրջորեն խախտում են կազմակերպության կանոնները»:
«Դա տիպիկ միակողմանի ահաբեկման պրակտիկա է, որը վտանգում է համաշխարհային տնտեսական և առևտրային կարգի կայունությունը: Չինաստանը կտրականապես դեմ է դրան», - հայտարարել է պաշտոնական Պեկինը:
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենն, իր հերթին, հայտարարել է, որ նոր մաքսատուրքերը «դանդաղ աճի ժամանակ ակնհայտորեն զգալի ռիսկ են ներկայացնում համաշխարհային հեռանկարի համար»: Կրիստալինա Գեորգիևան նշել է, որ ԱՄՀ-ը դեռ ուսումնասիրում է միջոցառումների «մակրոտնտեսական հետևանքները», և ընդգծել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը:
«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և նրա առևտրային գործընկերներին կառուցողաբար աշխատել՝ կարգավորելու առևտրային լարվածությունը և նվազեցնելու անորոշությունը», - հայտարարել է Գեորգիևան:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ պատասխան միջոցներ են պատրաստում ԱՄՆ-ի դեմ, որը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների համար սահմանել է 10 տոկոս նվազագույն մաքսատուրք, որն ապրիլի 9-ից կդառնա 20 տոկոս:
«Մենք միշտ պատրաստ ենք եղել բանակցել ԱՄՆ-ի հետ՝ վերացնելու անդրատլանտյան առևտրի համար մնացած բոլոր խոչընդոտները։ Միևնույն ժամանակ, պատրաստ ենք արձագանքել՝ պաշտպանելու մեր շահերը և մեր բիզնեսը, եթե բանակցությունները ձախողվեն», - ասել է ֆոն դեր Լայենը:
Ճապոնիան, որն ԱՄՆ ամենամեծ առևտրային գործընկերներից մեկն է և ամենախոշոր օտարերկրյա ներդրողը, այժմ կանգնած է «ազգային ճգնաժամի» առաջ, հայտարարել է վարչապետը: Շիգերու Իշիբան ասել է, որ իր կառավարությունն աշխատում է բոլոր կողմերի հետ՝ փորձելով մեղմել ԱՄՆ կողմից կիրառվող 24 տոկոս մաքսատուրքերի ազդեցությունը:
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերն ահրաժեշտ են ԱՄՆ տնտեսությունն առողջացնելու համար, իսկ երկրները, որոնց նկատմամբ մաքսատուրքեր են կիրառվել, հարստանում են ԱՄՆ հաշվին, քանզի ավելի շատ ապրանք են վաճառում, քան գնում ԱՄՆ-ից: Նախագահը հույս ունի, որ նոր մաքսատուրքերը կսահմանափակեն առատ ներմուծումը և կխթանեն ամերիկյան արտադրությունը: Մաքսատուրքերի ենթարկված երկրների արձագանքը, ըստ նրա, սպասելի էր:
«Մենք իսկապես ժառանգել ենք սարսափելի տնտեսություն, ինչպես գիտեք, բազմաթիվ խնդիրներով, ներառյալ կորուստներ արտադրությունում, նաև փակված գործարաններ ամբողջ երկրում ... Եվ հիմա մենք տնտեսությանը հնարավորություն կտանք կարգավորվել», - նշել է Դոնալդ Թրամփը:
Ավելի ուշ իր հիմնադրած TruthSocial սոցցանցում Թրամփը գրել է, որ մաքսատուրքերի հարցում իր քաղաքականությունը չի փոխվելու:
ԱՄՆ-ը 25 տոկոս մաքսատուրք է սահմանել հյուսիսային հարևան ու առևտրային ամենախոշոր գործընկերներից մեկից՝ Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ Կանադայի և ԱՄՆ-ի հարաբերություններն այլևս երբեք նույնը չեն լինի:
«Եվ դա իմ ուղերձն է եվրոպացիներին: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները երբեք նույնը չեն լինի: Նրանք ցանկանում են այլ կերպ վարվել, և մենք դա հասկանում ենք: Եվ այդ իսկ պատճառով մենք կձգտենք համաձայնության գալ առևտրի, բայց նաև անվտանգության շուրջ, քանի որ երկուսն էլ չեն կարող իրարից անկախ գոյություն ունենալ», - հայտարարել է Ժոլին:
Վերլուծաբանները չեն բացառում գլոբալ ռեցեսիայի հնարավորությունը: Ըստ տարբեր հաշվարկների՝ վերջին երկու օրում ֆոնդային բորսաներում մոտ 2 տրիլիոն դոլարից ավելի կորուստ է գրանցվել: