Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ԱՄՆ մաքսատուրքերին պատասխան փաթեթ է մշակում


ԱՄՆ և ԵՄ դրոշները
ԱՄՆ և ԵՄ դրոշները

ԵՄ երկրներն, ի պատասխան ԱՄՆ-ի սահմանած աննախադեպ մաքսատուրքերի, առաջիկա օրերին ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման դեմ մինչև 28 մլրդ դոլարի մաքսատուրքերի առաջին փաթեթը կհաստատեն, հայտնում է Reuters-ը։

Երկուշաբթի երեկոյան Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին կառաջարկի ամերիկյան այն ապրանքների ցանկը, որոնց վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։

Ըստ Reuters-ի՝ այդ ցուցակում ընգծկված են հացահատիկային ապրանքներ, միս, գինի, փայտ, հագուստ, մաստակ, փոշեկուլ, զուգարանի թուղթ և այլն:

Պատասխան միջոցների վերաբերյալ քվեարկությունը սպասվում է չորեքշաբթի: Հաստատվելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն երկու փուլով՝ փոքր հատվածն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ին, իսկ մնացածը՝ մեկ ամիս անց։

Reuters-ը փոխանցում է, որ ԵՄ առևտրային առաքելության ղեկավար Մարոշ Շեֆչովիչը Վաշինգտոնի հետ տուրքերի վերաբերյալ երկար և «անկեղծ» զրույց է ունեցել, սակայն բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Շեֆչովիչն ասել է, որ զրույցի ընթացքում ԱՄՆ մաքսատուրքերն «ավերիչ և չարդարացված» է համարել։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ ասել է, որ ավելի քան 50 երկրներ արդեն դիմել են Սպիտակ տուն՝ առևտրային տուրքերի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով։ Պաշտոնյան, սակայն, ոչ դիմած երկրների անուններն է հրապարակել, ոչ էլ բանակցություններից մանրամասներ։

Ապրիլի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց մաքսատուրքերի բարձրացման մասին՝ հասցնելով դրանք վերջին ավելի քան մեկ դարում ամենաբարձր մակարդակին։

Սպիտակ տան ղեկավարը որոշեց, որ Ամերիկայի հետ առևտուր անող երկրները պետք է վճարեն այնքան մաքսատուրք, որքան իրենք են սահմանել ամերիկյան ապրանքների համար․ Չինաստանի դեպքում՝ 34 տոկոս, Եվրամիության՝ 20 տոկոս, Ճապոնիայի՝ 24 տոկոս, Հնդկաստանի համար՝ 26 տոկոս։ Ընդհանուր առմամբ, որևէ երկիր դուրս չի մնացել նախագահ Թրամփի տեսադաշտից․ «նվազագույն բազային մաքսատուրքը» սահմանվել է 10 տոկոս: Այս հայտարարությունը տապալեց արժեթղթերի շուկաները՝ ցնցում առաջացնելով համաշխարհային տնտեսության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG