Մատչելիության հղումներ

Առևտրային պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում. Մակրոն


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ երկու երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ սերտորեն համակարգելու դիրքորոշումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մաքսատուրքերի քննարկման հարցում:

«Առևտրային պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում։ Մենք պետք է լինենք միասնական և վճռական՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին և մեր բիզնեսները», - գրել է նա սոցիալական ցանցում:

Ապրիլի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց մաքսատուրքերի բարձրացման մասին՝ հասցնելով դրանք վերջին ավելի քան մեկ դարում ամենաբարձր մակարդակին։ Այս հայտարարությունը տապալեց արժեթղթերի շուկաները՝ ցնցում առաջացնելով համաշխարհային տնտեսության մեջ:

ԱՄՆ-ի հետ ամենամեծ առևտրային ավելցուկ ունեցող մոտ 60 երկրներ, ներառյալ՝ առանցքային դաշնակիցները, ինչպիսիք են ԵՄ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան, այժմ ստիպված են բազային 10 տոկոս մաքսատուքրից շատ ավելին վճարել։ Տասնյակ այլ երկրների դեպքում սահմանվել են ընդհանուր առմամբ մինչև 50 տոկոս կամ ավելին հասնող մաքսատուրքեր։

Սպիտակ տան Վարդերի այգում իր ելույթի ժամանակ Թրամփն ասաց, որ համընդհանուր 10 տոկոսանոց մաքսատուրքը գրեթե բոլոր երկրների համար ուժի մեջ կմտնի ապրիլի 5-ից, մինչդեռ ավելի բարձր, այսպես կոչված, «փոխադարձ» մաքսատուրքերը կգործեն ապրիլի 9-ից:

XS
SM
MD
LG