Մատչելիության հղումներ

Ներմուծման նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար․ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Ներմուծման նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար, օդանավում, լրագրողներին տված պարզաբանման ժամանակ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Երբեմն ինչ-որ բան շտկելու համար պետք է դեղ խմել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ նշելով, որ մաքսատուրքերի սահմանումը կապված է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտով։

«Չինաստանի հետ ունենք տրիլիոն դոլարի առևտրային դեֆիցիտ, Չինաստանի հետ առևտրում մենք տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ ենք կորցնում։ Եվ քանի դեռ այս խնդիրը չենք լուծել, ես չեմ պատրաստվում գործարքի գնալ», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նա խոսել է Եվրոպայի, Ասիայի և աշխարհի այլ երկրամասերի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին, որոնք ցանկանում են ԱՄՆ-ի հետ «գործարք կնքել»։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էր ասել, որ ավելի քան 50 երկրներ արդեն դիմել են Սպիտակ տուն՝ առևտրային տուրքերի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով։ Պաշտոնյան, սակայն, ոչ դիմած երկրների անուններն է հրապարակել, ոչ էլ բանակցություններից մանրամասներ։

ԵՄ-ի հետ մաքսատուրքերի հնարավոր չեղարկման մասին հարցին, Թրամփը պատասխանել է՝ եվրոպական երկրները «մեզնից հարստություն են կորզել», և նրանց հետ գործարք չի լինի, քանի դեռ նրանք «ամեն տարի մեզ մեծ գումար չեն վճարել»։

Ապրիլի 3-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց մաքսատուրքերի բարձրացման մասին՝ հասցնելով դրանք վերջին ավելի քան մեկ դարում ամենաբարձր մակարդակին։ Այս հայտարարությունը տապալեց արժեթղթերի շուկաները՝ ցնցում առաջացնելով համաշխարհային տնտեսության մեջ: ԵՄ-ն էլ ԱՄՆ մաքսատուրքերին պատասխան փաթեթ է մշակում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG