Մատչելիության հղումներ

Խաղային բիզնեսի շրջանառությունը հարկելու փոխարեն առաջարկվում է կրկնապատկել տուրքերը


Խաղատուն Հայաստանում, արխիվ
Խաղատուն Հայաստանում, արխիվ

Խաղային բիզնեսի շրջանառությունը հավանաբար չի հարկվի, փոխարենը կբարձրանան տուրքերը: Թեև ի սկզբանե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել էր օրինագիծ, որով առաջարկվում էր գործող տուրքերից բացի 10 տոկոսով հարկել օնլայն կազինոների և տոտալիզատորների շրջանառությունը, սակայն այսօր առաջին ընթերցումից առաջ կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ այդ տեսքով երկրորդ ընթերցման նախագիծը չի հասնի:
Շրջանառությունը հարկելու փոխարեն կառաջարկվի կրկնապատկել արդեն գործող տուրքը:

Հիմա խաղային բիզնեսը շահութահարկից բացի վճարում է երկու տիպի տուրք. նախ տարեկան վճարում է 600 միլիոն դրամ՝ խաղային բիզնես վարելու լիցենզիայի համար, ապա նաև առանձին վճարում է խաղադրույքի տուրք, այսինքն՝ սպորտային տոտալիզատորները յուրաքանչյուր 50 միլիարդ դրամ խաղադրույք ընդունելու համար վճարում են 50 միլիոն դրամ տուրք, օնլայն կազինոները յուրաքանչյուր 100 միլիարդ դրամ խաղադրույք ընդունելու համար վճարում են 175 միլիոն դրամ: Ահա հենց այս խաղադրույքի տուրքն է առաջարկվում կրկնապատկել:

«Հարկային բեռը ավելանում է այնքան, որ ընկերությունների շահույթին համապատասխան լինի, այսինքն՝ կրկնապատկում ենք մենք, ըստ էության, գործող տուրքը: Ես ասում եմ կրկնապատկում ենք՝ նկատի ունենալով, որ եղել է այդ առաջարկը, այո, որովհետև ֆորմալ առումով, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, լիագումար նիստերի դահլիճ մտնում է այն տարբերակը, որին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, հիմա հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախնական տարբերակին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Հայկ Սարգսյանն օրինագծով առաջարկել էր 10 տոկոս շրջանառության հարկ մտցնել՝ արդեն իսկ գոյություն ունեցող տուրքերից ու հարկերից բացի: Նա ներկայացնում էր հաշվարկներ, որոնց համաձայն՝ խաղային ոլորտի շրջանառությունը շեշտակի աճել է վերջին տարիներին, իսկ տուրքերն այդ շրջանառության համեմատ շատ քիչ են:

2024 թվականին ինտերնետ շահումով խաղերի շրջանառությունը կազմել է ավելի քան 7 տրիլիոն դրամ, բայց կազմակերպությունները պնդում են՝ սա մի ֆիկտիվ թիվ է, որ ստացվում է, երբ նույն գումարը մոտ տասն անգամ պտտվում է համակարգում: Խաղադրույքների ծավալը 700 միլիարդ է, սակայն իրենք մուտք եղած գումարի 98.5 տոկոսը շահումների տեսքով վերադարձնում են: Եթե իրենց շրջանառությունը հարկվի, ստացվում է՝ պետք է 70 միլիարդ դրամ հարկ վճարի ոլորտը, սակայն դա շատ ավելին է, քան իրենց շահույթը.

«700 միլիարդը ոնց որ փուչիկ թիվ է՝ լցրել են, հանել են: Մարդ կա՝ կարող է լցրել է, չի խաղացել, հանել է: Հիմա դուք դրա վրա հարկ եք դնում: Այսինքն՝ 130 միլիարդն է այն ելակետային տվյալը, որից սկսած պետք է տնտեսվարողի հետ խոսել՝ իրենից ինչ հարկ կարող եք հանել: Թե չէ 700 միլիարդը և 7 տրիլիոնը նույն բանն են», - ասաց ոլորտի ներկայացուցիչը:

Սակայն խնդիրն այն է, որ պետությունը որևէ կերպ չի կարող ստուգել, թե այս ընկերությունների ներկայացրած ամենակարևոր թվերը՝ խաղադրույքների ու շահումների տարբերության մասին, որքանով են համապատասխանում իրականությանը: Օրենքով պետք է ստեղծվի հատուկ կարգավորող օպերատոր, որի միջոցով արդեն հնարավոր կլինի ստանալ օբյեկտիվ տեղեկություն: Սակայն թե երբ դա տեղի կունենա, դեռ հնարավոր չէ ասել:

Աշխատանքային քննարկման ժամանակ խաղային բիզնեսի ներկայացուցիչը չհամաձայնեց այս կասկածներին. - «Շատ հաճախ մենք կարող է ունենանք դեպքեր, երբ որ շահումները լինեն ֆիկտիվ, այսինքն՝ ընկերությունները շահումներ տան, որ լինեն իրենց հետ փոխկապակցված անձինք, որ այդ ձևով ցույց տան, որ իրենք այդ նորմայի մեջ են տեղավորվում, բայց իրականում իրենց մարդիկ են»:

Խաղային բիզնեսի ներկայացուցիչների ներկայացրած թվերին չի հավատում օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյանը: Նա ներկա չէր աշխատանքային քննարկմանը, բայց «Ազատության» հետ զրույցում ասաց, որ համաձայնել է օրինագիծը փոխել ու նախապես առաջարկած շրջանառության 10 տոկոս հարկի փոխարեն պետական տուրքը կրկնապատկելու ճանապարհով գնալ վարչապետի հետ քննարկումներից հետո: Այս պարագայում օրենքն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, և կես տարի սպասելու կարիք չի լինի: «Մինչդեռ եթե իմ ասած ճանապարհով գնայինք, պետք է հարկերը բարձրանային, նոր հարկ սահմանվեր և ուժի մեջ մտներ վեց ամիս հետո, քանի որ վատթարացված դրույթը այդ մասով ուժի մեջ է մտնում վեց ամիս անց, իսկ գործող տուրքը և տուրքի դրույքաչափի բարձրացումը անմիջապես մտնում է ուժի մեջ», - ընդգծեց Սարգսյանը:

«Տոտո Գեյմինգ»-ի իրավաբանական վարչության պետ Վահագն Թանգամյանն ասում է՝ քննարկումը պետք է ավելի շուտ տեղի ունենար:

«Բայց միևնույն ժամանակ կարելի է նկատառում անել, որ անցումը կարող էր լինել նաև մի փոքր ավելի շուտ, որպեսզի թե՛ մենք, թե՛ օրենսդիրը փաստի առաջ չկանգնեինք: Որովհետև առնվազն parliament.am-ում հրապարակվել էր մի նախագիծ, որը բովանդակային առումով քննարկման ենթակա էլ չէր, որովհետև տրամաբանական չի ու աբսուրդ է շահումների հանրագումարը դիտարկել հարկային բազա և դրա համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանել, նաև տրամաբանական չի շահութահարկի ոլորտում գործող ընկերությունների համար սահմանել շրջանառության հարկ», - ասաց Թորգոմյանը՝ շարունակելով. - «Այսինքն, ըստ էության, այն, ինչ որ հրապարակվել էր, դա բովանդակային առումով քննարկել էլ պետք չէր: Իսկ այսօր ինչ որ լսեցինք, ինչ որ քննարկեցինք, ինչ-որ առումով նաև նոր էր ընկերության համար»:

Խաղային ոլորտի ընկերություններից երեքը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում են 12-րդ, 17-րդ և 20-րդ տեղերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG