Մատչելիության հղումներ

Հարկային փոփոխություններ խաղատների ոլորտում․ քննարկումները շարունակվում են


Իշխանական Հայկ Սարգսյանի՝ կազինոների, շահումով խաղերի, տոտալիզատորների ոլորտում հարկային բեռի ավելացման նախագիծը, որ հենց թիմակիցների կողմից էր դիմադրության արժանացել, այսօր դարձյալ քննարկվեց խորհրդարանի տնտեսական հանձնաժողովում: Նախագիծը կներառվի հաջորդ լիագումարի օրակարգում ու կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: Նախորդ շաբաթ օրինագիծը քննարկվել էր նաև կառավարությունում:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է առաջարկ, որ օրենքի նախագիծը ոչ թե ուժի մեջ մտնի օրենքի ընդունումից 6 ամիս հետո, այլ ապրիլի 1-ից, ինչը ես մեծ սիրոց ընդունել եմ», - տեղեկացրեց Հայկ Սարգսյանը:

Ամսվա սկզբին իշխանական պատգամավորների միջև թեժ բանավեճի պատճառ դարձած նախագիծի քննարկումն այսօր մոտ կես ժամ տևեց: Նախորդի ժամանակ այդպես էլ պարզ չդարձավ կառավարության ներկայացուցչի տեսակետը, Հայկ Սարգսյանը նույնիսկ սպառնաց ձայնագրություններ հրապարակել, բայց այսօր կառավարության տեսակետը ներկայացնող չեղավ:

Նախագծի հիմնական փոփոխությունը ոլորտում արդեն գործող տուրքերն ու հարկերը ևս մեկով՝ 10 տոկոս շրջանառության հարկով ավելացնելն է:


Թե իշխանականների բանավեճի ու հետո կառավարության քննարկման ընթացքում ինչ փոփոխություն է եղել նախագծում, դեռևս հստակ չէ, բայց տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը վստահեցրեց՝ 24-ժամյա քննարկման պարագայում անգամ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություներ լինելու են:

«Ընկերությունների շահութաբերության մակարդակը հաշվի առնելով՝ առաջարկվող հարկի չափն ավելի մեծ էր, քան կարող էին տալ, այդ մտահոգությունը հաշվի է առնվել, և այդ փոփոխությունը, որը կատարվելու է, վերաբերում է և՛ հարկման ձևին, և՛ չափին», - նշեց նա:

Շահումով խաղերն ու տոտալիզատորներն այսօր գործող օրենքով տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք են վճարում, 2022 թվականից նաև լրացուցիչ 50 կամ 100 միլիարդ դրամ խաղադրույք ընդունելու իրավունքի համար վճարում են ևս 50-175 միլիոն դրամ: Բացի տուրքը ոլորտը նաև շահութահարկ է վճարում՝ 18 տոկոսի չափով: Սակայն օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյանը հիմնավորում է՝ ոլորտը գերշահույթներ է ստանում, իսկ պետական բյուջե փոքր գումար է մտնում: Ընդդիմադիր Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ բեռն ընկնում է շահումով խաղեր խաղացողների, ոչ թե այդ ընկերությունների սեփականատերերի վրա:

«Սահմանափակում պիտի դրվի, որ խաղադրույքների որ տոկոսն է, որ նվազագույնը պիտի բաշխվի որպես շահում։ Եթե հիմա հարկման չափը ավելացնում ենք, առնվազն երկու բան կա՝ եթե ավելի բարձր է բեռը, նշանակում է՝ գնալու են սնանկացման, իսկ եթե տանելի բեռ է, ուրեմն պետք է կրի այդ կազմակերպությունը։ Սահմանաչափը չպիտի ազդի նրա վրա, որ հարկումը տարածվի այն քաղաքացիների վրա, որոնք խաղադրույքներ են իրականացնում», - նշեց Ավետիսյանը:

Հայկ Սարգսյանն արձագանքեց, թե դա այդպես չէ, հավելեց՝ օրենքի տրամաբանությունն այն է, որ ավելանալու են ընկերությունների հարկերն ու տուրքերը՝ կապված խաղադրույքների ծավալի աճի հետ. «Այսինքն՝ որքան աճեն խաղադրույքների ծավալները, այդքան աճելու են նաև նրանց կողմից վճարված տուրքերը, և որևէ ավել հարկային պարտավորություն չի դրվում խաղացողների վրա»:


Խաղադրույքների աճի մասին վերջին 13 տարվա վիճակագրությունն է խոսում: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ, ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի, մինչդեռ հավաքագրվող հարկերը և տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ:

«Նրենց կողմից քաղաքացիներին վերադարձված շահումների մասով. այսօր ինտերնետ շահումով խաղերի մասին օրենքում կա 6-րդ հոդված, որը սահմանում է հետևյալը, որ սույն գործունեությամբ զբաղվող ընկերություններն իրենց եկամտի առնվազն 90 տոկոսը պետք է վերադարձնեն շահումի տեսքով: Ցավոք սրտի, մենք չունենք որևէ գործիքակազմ, որ տեսնենք՝ այդպես է, թե ոչ, և բավարարվում ենք միայն ընկերությունների կողմից ներկայացված թվերով», - նկատեց ՔՊ-ական պատգամավորը:

Բուքմեյքերական ընկերություններից երեքը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում են 12-րդ, 17-րդ և 20-րդ տեղերը: Թե ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչներն արձանագրեցին՝ նախագիծը միայն պետբյուջե լրացուցիչ գումարի մուտք է ապահովելու, իսկ խաղամոլության դեմ, իշխանական պատգամավորների պնդմամբ, օրենսդրական այլ փոփոխություններով կպայքարեն:

XS
SM
MD
LG