Մատչելիության հղումներ

Մոսկվան կոչ է անում Երևանին ու Բաքվին՝ «խուսափել իրավիճակը սրող ցանկացած գործողություններից»


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Մոսկվան չի կարող չանհանգստանալ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման վերաբերյալ դրական լուրերի ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերից, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք խստորեն կոչ ենք անում մեր գործընկերներին՝ զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակը սրող ցանկացած գործողություններից», - ասել է Զախարովան՝ շեշտելով՝ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։

Վերջին 5 օրվա ընթացքում Բաքուն 12 հաղորդագրություն է տարածել՝ հայկական կողմին մեղադրելով իր դիրքերին կրակելու համար: Հայկական կողմը հերքել է բոլոր մեղադրանքները՝ շեշտելով՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է՝ անձամբ է հստակ հանձնարարել Պաշտպանության նախարարությանը՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։

ՀԱՊԿ պարտավորություններից

Լրագրողի հարցին, թե ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության սառեցման ֆոնին Հայաստանի անվտանգությունն ապահովելու Ռուսաստանի պարտավորությունները մնո՞ւմ են ուժի մեջ, Զախարովան պատասխանել է․ - «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում և երկկողմ ձևաչափով Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորություններին, ապա բազմիցս ասվել է, որ դրանք բոլորն ուժի մեջ են»։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է՝ ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառեցումը» չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։

Հայաստանը ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է նաև բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ 2024-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG