Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին քննարկում է տրանսպորտային փաթեթներին վերաբերող փոփոխությունները


Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դեռ չի հաշվել՝ քանի հոգի է միասնական տոմսային փաթեթ գնել տրանսպորտի թանկացումից հետո։

Թանկացումից դժգոհ քաղաքացիների չդադարող բոյկոտի ֆոնին ավագանին այսօրվա նիստում փոփոխությունների նոր փաթեթ առաջարկեց։ Ըստ այդմ՝ քաղաքային իշխանությունը նորից հետքայլ է անում: Այսպես 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ, 300 դրամ արժողությամբ տոմսի 90 րոպեի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե:

Նախագծի համաձայն՝1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 -ից 45 օր:

Բացի այդ, արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին։ Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:

Ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ հունվարին մոտ 9.5 միլիոն մարդ է օգտվել տրանսպորտից՝ վերգետնյա և մետրո միասին:

Բացի այդ, այսօր ավագանին նաև կքննարկի «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած նախագիծը: Ընդդիմությունը քաղաքացիների ստորագրահավաքի հիմքով առաջարկում է սակագնային փաթեթների մեջ ներառել մեկ ուղևորության համար100 դրամ արժեքի տարբերակը:

Չնայած թանկացած հանրային տրանսպորտից օգտվող մարդկանց դժգոհություններին և մտահոգություններին՝ Երևանի քաղաքապետը երեկ ասաց՝ մանիպուլյացիաների հետևանքով մարդիկ չեն տեսնում քաղաքապետարանի «հսկայական աշխատանքը»։

«Չենք վճարելու» նախաձեռնության անդամ Յուրի Մովսեսյանն էլ երեկ պնդել էր, որ նոր փաթեթը բողոքի ակցիաների վրա չի ազդի՝ խոստանալով քաղաքային իշխանություններին առաջիկայում բոյկոտի նոր մեթոդներ կիրառել։

XS
SM
MD
LG