Մատչելիության հղումներ

Միջանցքի հարցում Իրանը ռազմավարական առումով շատ ճիշտ դիրքորոշում է բռնել. իրանագետ


Միջանցքի հարցում Իրանի դիրքորոշման մեջ փոփոխություն չի նկատվել. տեսնելով, որ տարածաշրջանում զարգացումների միտում կարող է լինել, Թեհրանը փորձում է իր դիրքորոշումը վերահաստատել: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց իրանագետ Ալեն Շադունցը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Իրանն անընդհատ ակտիվ պահում միջանցքի թեման: Հայաստանում Իրանի դեսպանը, մասնավորապես, նախորդ շաբաթ հայտարարեց, որ տարածաշրջանում Երևանից բացի միայն Թեհրանն է դեմ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:

«Միջանցքի հարցում իրանական կողմը ռազմավարական առումով շատ ճիշտ դիրքորոշում է բռնել, որովհետև եթե միջանցքը այն ձևով, ինչպես Ադրբեջանն է պատկերացնում, տրվի իրենց [Ադրբեջանին], Իրանը կունենա հա՛մ ստրատեգիական կորուստ, հա՛մ տնտեսական կորուստներ, իր հյուսիսային սահմանում վերահսկողությունը կանցնի թուրք-ադրբեջանական համագործակցության տակ, և Իրանը, որն այս պահին արդեն իսկ ունի իր ռազմավարական կորուստները վերահաշվարկելու խնդիր, ավելի խոցելի դիրքերում կհայտնվի: Դրա համար, հաշվի առնելով, որ Սիրիայում արդեն իսկ որոշակի զիջումներ են ստիպված եղել իրականացնել, փորձում են կոնկրետ այս իրենց հյուսիսային հարևանությամբ զիջումների հոսքը կանգնեցնել, որպեսզի հավելյալ խնդիրների առաջ չկանգնեն», - նշեց իրանագետը:

«Դեմ լինելը ի՞նչ է նշանակում, ասենք՝ պատերազմի մե՞ջ են ներքաշվելու», - այս հարցի պատասխանը, ըստ Շադունցի, «այնպես չէ, որ միանշանակ գիտեն հենց Իրանի ներսում, որոշում կայացնողների մակարդակում նույնիսկ կարող է անորոշություն լինել». - «Կարող են լինել դիվանագիտական ճնշումներ, առաջին հերթին, դա, բնականաբար, անխուսափելի կլինի: Մի տարբերակը, որը շատ անհավանական է, որ Իրանը պատերազմի մեջ կմտնի Ադրբեջանի հետ. դա ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես տեղի կունենա: Մյուս տարբերակը, որը ինչ-որ չափով կարող է հավանական լինել, դա այն է, որ եթե ադրբեջանական զորքերը մտնեն Սյունիք, ապա իրանական ռազմական ինչ-որ միավորումներ նույնպես կարող է փորձեն իրենց ներկայությունը հաստատել Սյունիքում, ինչպես իրենց ներկայությունը ունեին Սիրիայում, ինչպես ունեն Լիբանանում, որոշակի ներկայություն ունեն Եմենում, նմանատիպ առումով կփորձեն Հեղափոխության պահապանների կորպուսի բատալյոնի [գումարտակ՝ ռուս.] միջոցով գալ տեղակայվել Սյունիքում երևի: Բայց դա միտված կլինի, որպեսզի եթե նույնիսկ Ադրբեջանը գրավի այդ տարածքները, չկարողանա էֆեկտիվ վերահսկողություն հաստատել այդ տարածքների վրա»:

«Թեև դեսպանը այդ հարցին պատասխանելով թափանցիկ ակնարկեց, որ «մի թերագնահատեք հայկական զինուժի ներուժը», երբ հետաքրքրվում էին, թե արդյոք Իրանը ռազմական միջամտության կգնա», - այս դիտակմանն էլ իրանագետն արձագանքեց. - «Մի կողմից՝ երևի դա միտված է նրան, որ հայկական կողմը պետք է վերանայի իր, այսպես ասած, պաշտպան գտնելու, ման գալու մոտեցումը և փորձի նաև ուրիշ առումով ներքին ներուժի բալանսավորման միջոցով հետ պահել հակառակորդին: Մյուս կողմից՝ դա նաև փորձում է, այսպես ասած, անորոշության կոմպոնենտը պահել Իրանի արձագանքի առումով»:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG