Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի անվտանգությունը պետք է զերծ պահել արտաքին միջամտությունից. Բաղայի


Թեհրանը կրկին կոչ է անում Հարավային Կովկասում առկա խնդիրների լուծման ընթացքում զերծ մնալ արտատարածաշրջանային ուժերի ներգրավումից։ Այս մասին այսօր Թեհրանում կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իսլամական Հանրապետության անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տարածաշրջանային այցը։

«Իրանը կարևորում է հարաբերությունները թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի հետ։ Անվտանգությունը Հարավային Կովկասում մեզ համար շատ կարևոր է։ Մենք մեր բոլոր հնարավորությունները կօգտագործենք տարածաշրջանում անվտանգությունն ամրապնդելու համար։ Անվտանգությունը, սակայն, պետք է զերծ պահել արտաքին միջամտությունից։ Այն պետք է ապահովեն տարածաշրջանի պետությունները»,- ասել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակը։

Բաղային նաև ընդգծել է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի այցերը Երևան և Բաքու նախապես ծրագրված էին։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Հարավային Կովկաս էր ժամանել Իլհամ Ալիևի՝ Հայաստանին ուղղված սպառնալից հայտարարություններից երկու օր անց։ Նա ևս պնդում էր, որ երրորդ ուժերը չպետք է միջամտեն հարավկովկասյան զարգացումներին։

Կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը

Մյուս թեման, որին այսօր անդրադարձավ Իրանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, Թեհրանի և Մոսկվայի միջև այս շաբաթ կնքվելիք համաձայնագիրն է։ Ըստ Իրանի ԱԳՆ խոսնակի՝ հունվարի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրենց ստորագրությունները կդնեն տարիներ շարունակ բանակցված փաստաթղթի տակ։

«Նախագահի այցը Ռուսաստան շատ կարևոր է։ Նա Մոսկվա կժամանի Տաջիկստան այցից անմիջապես հետո։ Մոսկովյան այցի ընթացքում կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը, որի շուրջ բանակցությունները ընթանում էին վերջին երեք-չորս տարիների ընթացքում։ Համաձայնագրում հարցերի բավական լայն շրջանակ է ներառված՝ տնտեսական համագործակցությունից, ծովային և օդային կապի զարգացումից մինչև պայքար ահաբեկչության դեմ»,- նշել է Բաղային։

Ավելի վաղ Թեհրանից տեղեկացրել էին, որ պայմանագրի առանցքային կետերից մի քանիսը վերաբերելու են անվտանգության և ռազմական ոլորտներում իրանա-ռուսական համագործակցության ամրապնդմանը։

Պայմանագրի մասին որոշ հավելյալ մանրամասներ է հաղորդել նաև Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալիլին։

«Այս համաձայնագրում ներածությունից բացի, նաև 47 հոդված կա։ Այս փաստաթղթի ստորագրմամբ մենք բոլոր ոլորտներում համագործակցության խորացման ականատեսը կդառնանք»,- նշել է դեսպանը։

XS
SM
MD
LG