Մատչելիության հղումներ

«Թեհրանը փորձում է կանխել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա». միջազգայնագետ

Լրացված

Ի՞նչ օրակարգով է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սկզբում մեկնել Բաքու, ապա արդեն ժամանել Երևան։ Դատելով պաշտոնական հաղորդագրություններից, 2 երկրներում էլ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան քննարկել է Թեհրան - Բաքու և Թեհրան - Երևան հարաբերությունները զարգացնելու հարցը։

Ալի Աքբար Ահմադիանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նաև քննարկել է տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Կառավարության հաղորդագրության համաձայն, Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, թե Թեհրանն աջակցում է այդ նախագծի իրականացմանը՝ դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա:

Իրանը բազմիցս է շեշտել, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը։

Մերժելով «միջացանք տրամադրելու» Բաքվի պահանջները, պաշտոնական Երևանը Ադրբեջանին առաջարկում է տարածաշրջանի ապաշրջափակումն իրականացնել հենց «Խաղաղության խաչմերուկի» հիման վրա՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։

Իրանցի պաշտոնյայի այցերի օրակագում նաև Սյունիքով այսպես կոչված միջանցքի հարցի քննարկում է. փորձագետ

«ԱՊՐԻ Արմենիա»-ի փորձագետ Սերգեյ Մելքոնյանը համոզմամբ Բաքու, ապա Երևան իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցերի օրակագում երկկողմ հարցերից բացի, նաև Սյունիքով այսպես կոչված միջանցքի հարցի քննարկում է։

Միջազգայնագետի կարծիքով՝ բոլոր նախանշանները կան, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Նախ հոկտեմբերից մինչև հունվար ընկած ժամանակահատվածում կտրուկ աճել են դեպի Ադրբեջան զենքի մատակարարումների քանակը, այդ թվում՝ Իսրայելից։ Բաքուն ավելացրել է նաև զորավարժությունների քանակը, որոնք իրենց բնույթով հարձակողական են։ Ադրբեջանի նախագահը էլ ավելի է կոշտացրել հռետորաբանությունը՝ Հայաստանին վերջնագրեր ներկայացնելով և՛ միջանցքի, և՛ այսպես կոչված «Արևտյան Ադրբեջանի» հետ կապված։

«Հետևաբար մենք ունենք բոլոր ինդիկատորները, որոնք ցույց են տալիս, որ՝ այո, Ադրբեջանը պատրաստվում է գնալ պատերազմի այս տարի։ Իրենք Սյունիքով միջանցք վերցնելու մի քանի օպցիաներ ունեն. առաջինը՝ բացել «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի տարածքով, այնտեղ կան տարբեր մարշրուտներ, ամենանախընտրելին իրենց համար կլիներ Սյունիքի հարավով Իրանի սահմանի մոտ Մեղրիով, որտեղ նախատեսվում է նաև երկաթուղի: Երկրորդ ճանապարհը կարող է լինել Անգեղակոթով և ավելի հյուսիս՝ Ջերմուկով»։

Ադրբեջանը նաև ռազմական գործողությունների 2 -րդ պլանն ունի. միջազգայնագետ

«ԱՊՐԻ Արմենիա»-ի փորձագետը կարծում է, որ Ադրբեջանը նաև ռազմական գործողությունների 2 -րդ պլանն ունի՝ Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմ, որի հետևանքով Երևանն այլևս ունակ չի լինի դիմադրել և կկատարի Ադրբեջանի բոլոր պահանջները՝ ոչ միայն միջանցքի տրամադրում, այլև Սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցիների վերադարձ և այլն։

«Ավելի լայնածավալ հարձակման մասին է, որը կարող է տեղի ունենալ Երասխի ուղղությամբ, որը միջանցքի հետ կապ չունի, բայց կարող է ուղղված լինել Երևանի դեմ ուղղակի, այստեղ արդեն կախված է քաղաքական նպատակներից՝ կա՛մ ճանապարհը բացել, կա՛մ ընդհանրապես ոչնչացնել Հայաստանը», - ասաց նա:

Սերգեյ Մելքոնյանի կարծիքով՝ բոլորն արդեն հասկանում են, որ Ադրբեջանը նախապատրաստական աշխատանքներ է կատարում՝ Հայաստանի վրա հարձակվելու համար և Իրանը փորձում է կանխել այդ հարձակումը՝ նախ և առաջ իր շահերը պաշտպանելու նպատակով, մասնավորապես զրկվելով Հայաստանի հետ կապող ճանապարհից, Իրանը կզրկվի դեպի Ռուսաստան ու Եվրոպա՝ իր համար կենսական նշանակություն ունեցող ուղուց։

«Իրանքը փորձում է օգտագործել բոլոր իր միջոցները, որպեսզի այդ հարձակումը տեղի չունենա, որպեսզի ապագայում հարցի առաջ չկանգնի՝ միջամտել, թե չմիջամտել, իսկ եթե միջամտել՝ ինչ ձևաչափով: Իրանն ուղղակի չի կարող միջամտել հաշվի առնելով, որ Հայաստանի ու Իրանի միջև չկա երկկողմանի պայմանագիր ռազմական համագործակցության, որը վավերացված է ու որի հիմա վրա Իրանը կարող է կա՛մ զորք ուղարկեմ, կա՛մ ինչ-որ քայլերի դիմել», - ասաց փորձագետը:

«Ազատության» հարցին՝ հնարավոր չի՞ համարում, որ Հայաստանը կառաջարկի նման համագործակցություն, Սերգեյ Մելքոնյանը պատասխանեց. - «Չեմ տեսնում, որ Հայաստանի կողմից կա քաղաքական կամք ռազմական ոլորտում համագործակցել Իրանի հետ, ստորագրել ինչ-որ պայմանագիր»:

Վերլուծաբանն ասում է, թե Թեհրանը մինչև օրս տարբեր քայլերով փորձում էր ներգրավվածություն ունենալ Սյունիքում, դրանով էր պայմանավորված Կապանում Իրանի հյուպատոսարանի բացումը, Ագարակ - Քաջարանի ճանապարհի կառուցման աշխատանքներում ներգրավածությունը։ Այսինքն, ըստ Սերգեյ Մելքոնյանի, Թեհրանը փորձում է դիվանագիտական քայլերով զսպող դերակատարություն ունենալ։ Սակայն հաշվի առնելով Սիրիայից հետո Իրանի դիրքերի թուլացումը, ամեն ինչ կախված այն հանգամանքից, թե արդյոք Բաքուն Հայաստանի վրա հարձակման դեպքում աջակցություն կստանա Թուրքիայից, Իսրայելից և այլ երկրներից:

«ԱՊՐԻ Արմենիա» -ի փորձագետի համոզմամբ՝ Բաքուն այսօր շարունակում է աշխատանքները «Զանգեզուրի միջանցքի» շուրջ միջազգային կոնսենսուս ստեղծելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG