Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով. Փաշինյանը՝ Ահմադիանին


Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Վարչապետն ընդգծել է Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը և խորը բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների հարաբերություններում առկա է մեկ երաշխիք, որն անսասան է. Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով: Վարչապետը շեշտել է ՀՀ Կառավարության շահագրգռվածությունը՝ հետևողականորեն զարգացնելու և ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով:

Զրուցակիցներն, ըստ հայկական կողմի հաղորդագրության, քննարկել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը վերաբերող հարցեր և համոզմունք հայտնել, որ կողմերն ունեն համագործակցության նոր հնարավորություններ, այդ թվում՝ տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության և այլ բնագավառներում:

Կարևորվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ իրանական կողմի հետ փոխգործակցության զարգացումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ ավտոմայրուղու կառուցումը նոր ազդակ կհաղորդի նաև երկկողմ առևտրաշրջանառության և բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ալի Աքբար Ահմադիանը նշել է, որ Իրանն աջակցում է նախագծի իրականացմանը՝ դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Երևան է ժամանել հունվարի 8-ին՝ Բաքվից։ Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման օրակարգից շատ մանրամասներ չեն հաղորդվում, միայն նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG