Մատչելիության հղումներ

Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կարևորել են «Աղբանդ-Նախիջևան և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքները»

Լրացված

Միջազգային կազմակերպություններում և տարածաշրջանային «3+3» ձևաչափի շրջանակներում համագործակցությունը քննարկել են Թեհրանում այցով գտնվող Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանային և արտգորխնախարար Աբբաս Արաղչին:

Այս մասին X-ում գրառում է արել Հաջիևը՝ նշելով, որ մտքեր են փոխանակվել խաղաղ համակեցության, «ներքին գործերին չմիջամտելու և բարիդրացիության սկզբունքների հիման վրա ադրբեջանա-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման շուրջ»:

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով:

Աղբանդ-Նախիջևան և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներն ընդգծվել են որպես կարևոր տարածաշրջանային և անդրտարածաշրջանային նախագծեր, որոնք համապատասխանում են երկու երկրների փոխադարձ շահերին, ասված է Հաջիևի գրառման մեջ:

2023-ին Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի էր ունեցել Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ևս հանդիպել է Հիքմաթ Հաջիևի հետ: Իրականական Mehr-ի հաղորդմամբ՝ Ադմադիանը հայտնել է, որ Հաջիևի հետ խոսել են երկու հարևան երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ և ընդգծել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG