Մատչելիության հղումներ

«Ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի». Իրանի դեսպան


«Մենք դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային խնդիրների լուծմանը», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին՝ տեսնո՞ւմ է տարածաշրջանում էսկալացիայի ռիսկ և եթե դիվանագիտական ճանապարհով չհաջողվի կանխել ու Ադրբեջանը հարձակվի, ինչպիսի՞ն կլինի Իրանի դիրքորոշումը, հնարավո՞ր է լինի նաև ռազմական միջամտություն:

«Մենք կողմնակից ենք դիվանագիտական երկխոսության միջոցով հարցերի լուծմանը: Մենք դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Մեր ողջ ջանքերը կգործադրենք, որ տարածաշրջանում իրավիճակը չլարվի: Ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի», - նշել է Սոբհանին:

Ադրբեջանի նախագահը բազմիցս պնդել, անգամ սպառնացել է Սյունիքով անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհի բացում դեպի Նախիջևան։ Իլհամ Ալիևը հունվարի վերջին էլ հայտարարեց՝ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։

Իրանի դեսպանն ընդգծել է՝ «կօգտագործենք Ադրբեջանի և այլ երկրների հետ մեր հարաբերությունները՝ կանխելու ցանկացած հակամարտություն»:

«Ես չեմ ցանկանում հիմա խոսել այն մասին, թե ինչ է հնարավոր ապագայում տեղի ունենա ու հավանականությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտեմ: Բնականաբար, Հայաստանի դիրքորոշումը, որ իր տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է լինի իր ինքնիշխանության ներքո, դա միջազգայնորեն ընդունված իրավունք է: Եթե ուղղորդվենք այս տրամաբանությամբ, ուստի նոր հակամարտություն պետք է տեղի չունենա, և մեր ողջ ջանքերը կգործադրենք, որ նոր հակամարտությունը կանխենք», - ասել է Մեհդի Սոբհանին և հավելել, - «եթե հիմա հարձակում լինի, կարծում եմ, Հայաստանն ունի պաշտպանական հնարավորություն՝ պաշտպանելու իր երկիրը: Ձեր երկրի պաշտպանության կարողությունները մի թերագնահատեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG