Սյունիքի մարզի սահմանային երկու գյուղերից՝ Խնածախից ու Խոզնավարից հայտնում են, որ ադրբեջանական կողմն այս գիշեր էլ է կրակել, գյուղացիների խոսքով, ադրբեջանցիները երբեմն նաև շինությունների կամ դաշտերի ուղղությամբ են կրակում։
Գյուղացիներն ասում են՝ այս կրակոցները լսում են արդեն 6-րդ օրը, վերջին օրերին տագնապած են: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մինչդեռ, այսօր անդրադառնալով կրակոցների վերաբերյալ հարցին՝ պնդեց, թե դրանք Հայաստանի ուղղությամբ չեն։
«Ես երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ գրառումներից, տեսանյութերն եմ դիտել: Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն: Բնականաբար դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով մեր կողմից հայտարարության չեն արժանանում», - ասաց Պապիկյանը:
Ռազմական գերատեսչության ղեկավարը հարցի լուծումը դիվանագիտությամբ է տեսնում. - «Պաշտպանության նախարարությունն ուշի-ուշով հետևում է ամենին, ու դրա լուծման ճանապարհը մենք կարծում ենք, որ դիվանագիտական ճանապարհն է ու հարցի կարգավորումը հենց այդ կերպ ենք պատկերացնում և իրականացնում»:
Այսօր ավելի վաղ նախարարությունից «Ազատության»-ը հայտնել էին, որ հայկական դիրքերի ուղղությամբ թիրախային, նպատակային կրակոցներ կամ ինտենսիվ խախտումներ չեն արձանագրվել: Գյուղերի ուղղությամբ թիրախային կրակոցների վերաբերյալ ևս, ըստ ռազմական կառույցի, այդ պահի դրությամբ տեղեկություններ չեն ստացել:
«Հրադադարի ինտենսիվ, էական և թիրախային խախտման պարագայում պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով», - ասել էր Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Իշխող ուժից սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էլ էր այսօր խորհրդարանում պնդում՝ կրակոցները թիրախային չեն, բայց պատգամավորը չթաքցրեց՝ գյուղերում անհանգստություն կա։
«Անհանգստությունը, այո, կա, բայց վտանգ չկա էն առումով, որ, նախ, իրանք ինտենսիվ բնույթ չեն կրում, երկրորդը, չեն թիրախավորում կոնկրետ մեր դիրքերն ու, այսպես ասած, հենց այդ անհանգստությունն առաջացնելու համար է արվում մեծամասամբ և իհարկե՝ խաղաղության օրակարգը նսեմացնելու», - ասաց Ղահրամանյանը:
Մինչդեռ և՛ Խնածախից, և՛ Խոզնավարից հայտնում են, որ կրակոցները վերջին օրերին պարբերական են, ադրբեջանցիները սկսում են՝ գիշերը, ավարտում՝ լուսադեմին մոտ։
«10:20 արդեն սկսում են կրակել մինչև 4:20, ինչ-որ ուղղություններով էլ են կրակում, օդ էլ են կրակում», - ասաց Խնածախի բնակիչներից մեկը:
Խնածախից Կամելա Օհանյանն ասում է՝ վերջին մի քանի օրում միայն կրակոցների պարբերականությունն է փոխվել. - «Առաջ ժամը մի անգամ էր, հիմա երկու ժամը մի անգամ կրակում են»:
Ադրբեջանական կրակոցների մասին տեղեկությունները հաստատում է նաև Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։ Պաշտոնյան, սակայն, ևս պնդում է, որ գյուղի ուղղությամբ չեն դրանք։ Խոզնավարում կրակոցների վերաբերյալ նաև երեկվանից տեսանյութեր են տարածվում համացանցում, որ նկարահանված են գիշերային ժամերին:
«Հիմա հանգիստ ա, մարդիկ իրանց կյանքով ապրում են, կրակոցները հեռվից լսվում են, ոչ թե գյուղի վրա են կրակում, ուղղակի հեռվից լսվում ա, կարող ա իրանց պալիգոնում են կրակում: Էնքան որ ոչ տեսնում ենք կրակողին, ոչ էլ բան ա գալիս գյուղի վրա», - ասաց Զաքյանը:
Մինչդեռ հենց Խոզնավարից երեկ «Ազատության»-ը գյուղացիներից մեկը պատմել էր, որ ադրբեջանական կողմն անգամ դաշտերին է կրակել, որտեղ աշխատելիս է եղել. - «Դաշտում վար անելուց մեր վրա էլ են կրակել»:
Անցած շաբաթավերջին տեղեկություններ կային նաև Սոթքում հնչած կրակոցների մասին, սակայն Պաշտպանության նախարարը խուսափել էր ուղիղ պատասխանել հարցին և միայն նշել է, թե իր ղեկավարած գերատեսչությունը հաղորդագրություն տարածում է վտանգավոր կրակոցների ու խախտումների մասին:
Ադրբեջանական կողմից այս կրակոցների մասին տեղեկություններից առաջ Բաքուն ինքն էր անընդհատ հայկական կողմին մեղադրում իր դիրքերը թիրախավորելու համար։ Պաշտոնական Երևանը կտրականապես հերքում էր ադրբեջանական կողմի պնդումները: