Մատչելիության հղումներ

«Վտանգավոր կրակոցները հաղորդվում են». Պապիկյանը ուղիղ չի ասում՝ Սոթքի ուղղությամբ կրակոցներ եղե՞լ են


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ

Եթե Ադրբեջանը հրադադարի խախտման փաստեր ներկայացնի, Երևանը պատրաստ է դրանք ուսումնասիրել, քննարկել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան՝ նշելով՝ մինչ օրս նման փաստեր Բաքվից չեն ստացել։

Պապիկյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի տեղաշարժ չկա։

«Ազատության» հարցին, թե կա՞ ռազմական գործողությունների ռիսկ, պաշտպանության նախարարը պատասխանեց․ - «Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ»։

«Մամուլում տեղի ունեցող ապատեղակատվությունը, որ սահմանին տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, Պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Բոլոր վտանգավոր կիրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մշտապես ՊՆ-ն կողմից տրվել են հաղորդագրություններ», - ասաց նախարարը։

Հարցին, թե Սոթի ուղղությամբ կրակոցներ եղե՞լ են, Պապիկյանը հստակ չպատասխանեց, փոխարենը վկայակոչեց ՊՆ-ի այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրությունը, որով ՊՆ-ն «հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին»:


Պապիկյանը խորհրդարանում մասնակցում է Պաշտպանության հանձնաժողովի նիստին՝ ներկայացնելու իր ղեկավարած գերատեսչության մասով կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույց։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։

Երևանը հերքում է մեղադրանքներն ու հայտարարում՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։



Մանրամասները տե՛ս այստեղ



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG