Մատչելիության հղումներ

ՊՆ․ Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել


Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում, արխիվ
Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ օրվա ընթացքում երկրորդ հաղորդումը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՀՀ ՊՆ լրատվական վարչության հաղորդագրությունում։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ հրադադարի խախտումն արձանագրվել է Գորիսի շրջանի Խոզնավար գյուղի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Ժամեր առաջ էլ Բաքուն հաղորդագրություն էր տարածել առավոտյան Գորիսի շրջանի Տեղ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին, որը նույնպես Երևանը հերքել է։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG