Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ, քննարկել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։
Ըստ Իրանում Հայաստանի դեսպանության՝ երկուստեք կարևորվել է Երևան-Թեհրան հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպումից այլ մանրամասներ դեսպանությունը չի փոխանցում։
Փետրվարի 13-ին դեսպանը հանդիպել էր նաև Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։ Վերջինս հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքականության անփոփոխության վերաբերյալ։
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: Փետրվարի սկզբին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին վերահաստատեց, որ Թեհրանը դեմ է որևէ ճանապարհի, որ կլինի միջանցքի տրամաբանությամբ՝ նկատելով՝ «Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին: Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին»։
Բաքուն շարունակում է Հայաստանից ճանապարհ պահանջել, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Երևանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո: