Մատչելիության հղումներ

Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով «Զանգեզուրի միջանցքի» հարցում. Մեհդի Սոբհանի


Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում կանգնած է Հայաստանի կողքին: Այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Հայաստանն ու Իրանը «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Մենք Հայաստանի հետ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություն չունենք ու միատեսակ ենք մտածում: «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին», - ասել է դեսպանը:

Իրանի դեսպանը շեշտել է՝ ճանապարհների ապաշրջափակմանը դեմ չեն, եթե այն իրականացվում է տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա:

«Ցանկացած ճանապարհ, որը ներառում է միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք: Մենք կողմ ենք հայտնի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային ու տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա», - նշել է դեսպանը:

Իրանը բազմիցս հայտարարել է՝ հարևանների տարածքային ամբողջականությանը ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է իր համար, նաև հայտարարել է, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Իրանը նաև ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքն» է վնասաբեր համարում Հայաստանի համար»։

Ադրբեջանի նախագահը բազմիցս պնդել, անգամ սպառնացել է Սյունիքով անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհի բացում դեպի Նախիջևան։ Իլհամ Ալիևը հունվարի վերջին էլ հայտարարեց՝ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG